Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 18:29 06-10-2022

Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն՝ վերահաստատելով իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հայտարարությանը տեքստը, որին աջակցել են անդամ բոլոր 350 պատգամավորները:

Հայտարարությունում ասվում է.

«Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Գորիս, Սոթք և Ջերմուկ բնակավայրերի հայկական դիրքերի ուղղությամբ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված ագրեսիան, որը հանգեցրել է առնվազն 207 հայ զինծառայողների մահվան`

«Պատգամավորների Կոնգրեսը.

Վերահաստատում է իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք ներկայացնում են միջազգային իրավունքի լուրջ խախտում` համարելով դրանք չարդարացված ագրեսիաներ, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

Խթանում է կողմերի ստորագրած հրադադարի պահպանման հանձնառությունը միջազգային հարաբերությունների շրջանակներում։
Հայտնում է մեր համերաշխությունն ու զորակցությունը Հայաստանին և իր ժողովրդին: Ցավում ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար, հայտնում ենք մեր խորին վշտակցությունը զոհերի և բնակչության անհարկի տառապանքների համար։ Այս զգացումներն ուղղում ենք նաև Իսպանիայի հայ համայնքին։

Աջակցում է ԵՄ Բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարևոր դեր ունեն հրադադարի համաձայնության պահպանման մշտադիտարկման գործընթացում և նպաստում են հակամարտության բանակցային, ընդհանուր և տևական լուծման փնտրմանը:

Կոչ է անում կողմերին հարգել միջազգային իրավունքը, վայր դնել զենքերը և վերսկսել դիվանագիտական բանակցությունները՝ այդպիսով վերահաստատելով, որ այս դիրքորոշումը այս բարդ և պատմական վեճի միակ կենսունակ և տևական լուծումն է:
Կոչ է անում ԵՄ-ին կրկնապատկել ջանքերը՝ նպաստելու դիվանագիտական միջոցներով դեէսկալացիային և խաղաղության պահպանմանը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում