Ներքին 4 տարի առաջ - 13:19 04-10-2022

Երիտասարդներին կոչ եմ անում ավելի շատ զբաղվել գիտությամբ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյան

Երևանի պետական համալսարանում տեղի են ունեցել «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի ամփոփումը և երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության արարողությունը:
Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը փաստել է, որ տարիներ առաջ ինքը ևս «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի մասնակիցների շարքերում է եղել.

«Տարիներ ի վեր «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթը խրախուսում և քաջալերում է երիտասարդներին, որը սկզբի համար գաղափարի իրականացման հնարավորություն է, իսկ հետագայում նաև կարող է եկամուտ հետապնդել: 2022 թ. պետությունը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, և ես երիտասարդներին կոչ եմ անում ավելի շատ զբաղվել գիտությամբ, հետազոտական և նորարարական գաղափարներ իրականացնելու համար ընտրել ճիշտ ղեկավարներ: Երբեմն դեպքեր են լինում, երբ կան ֆինանսավորում, գաղափար, թեմա, սարքավորումներ, բայց չկա լավ ղեկավար: Այս առումով էլ պետք է լրացնել բացերը և երիտասարդներին առաջ տանել»:

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շնորհավորել է մասնակիցներին ու հաղթողներին, նրանց հորդորել է երբեք չմոռանալ այն բուհը, որտեղ հղացել են նորարար գաղափարները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Արփա» ինստիտուտին՝ երիտասարդներին քաջալերելու և նրանց ուժերին հավատալու համար:

Շնորհավորելով հաղթողներին և մասնակիցներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է «ԱՐՓԱ» ինստիտուտի գործունեությունը` բուհական գիտությանն ու հետազոտական բաղադրիչին շարունակաբար աջակցելու առումով. «Հիմնադրամը շատ կարևոր գործունեություն է ծավալում ՀՀ-ում, որի հիմքում ընկած են երիտասարդ գիտնականների խրախուսումը, նորարարական գաղափարների ֆինանսավորումը՝ նպաստելով, որ երիտասարդները մնան գիտության մեջ և կայանան»:

«Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը, ներկայացնելով ինստիտուտի գործունեությունը, նշել է, որ «ԱՐՓԱ»-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել են մի խումբ սփյուռքահայեր: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանում կրթության և գիտության ոլորտների զարգացմանը: Այս տարիների ընթացքում ինստիտուտը մի շարք ծրագրեր է իրականացրել` աջակցություն ցուցաբերելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կառույցներին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ևս շնորհակալություն է հայտնել «ԱՐՓԱ» հիմնադրամին՝ նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ գիտնականներին աջակցելու համար: Նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, որոնցում հատկապես կարևորվում է գիտական ու նորարարական գաղափարների առկայությունը, ինչպես նաև ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական ծրագրերը, որոնց հիմքում բուհերի հետ սերտ համագործակցությունն է:

Ելույթներից հետո մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ, այնուհետև ներկայացրել են իրենց աշխատանքների թեմաներն ու նորարարական գաղափարները: «ԱՐՓԱ» ինստիտուտի կողմից սահմանված մրցանակներին՝ 1-ին տեղի համար 5000, 2-րդ տեղի համար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, համապատասխանաբար արժանացել են Նարինե Ամիրխանյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ) և Սվետլանա Հովհաննիսյանը (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոն)։

«ԱՐՓԱ» ինստիտուտի նորարարության մրցույթը կազմակերպվում է համալսարանական մակարդակով և գիտական տարբեր բնագավառներում քաջալերում է ուսանողներին, ասպիրանտներին ու երիտասարդ գիտնականներին, խրախուսում է աշխատանքային փոխհարաբերություններն ուսանողի, ասպիրանտի և դասախոսի միջև, որտեղ դասախոսը հանդես է գալիս որպես խորհրդատու:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է