Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:47 03-10-2022

Ադրբեջանի նկատմամբ պիտի սանկցիաներ կիրառվեն, թե չէ նմանատիպ գործողություններ էլի կլինեն․ միջազգային հարցերով փաստաբան

Միջազգային դատարանից պիտի պահանջենք, որ Ադրբեջանի դեմ կիրառվեն սանկցիաներ, հակառակ դեպքում նմանատիպ գործողություններ էլի կլինեն․ Oragir.news-ի հետ զրույցում նշեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Նարե Ավետիսյանը։ «Սանկցիաները պետք է լինեն այնպիսին, որ կանխեն հետագայում ագրեսիվ հարձակումներ մեր տարածքի, մեր քաղաքացիների ու զինծառայողների վրա»,- ասաց նա։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով շուրջ երկու հարյուր զոհի և անհայտ անձանց, ռազմագերիների, պատանդառված անձանց, հայ զինծառայողների՝ մարտադաշտից դուրս չբերված դիերի մասին հարցերին՝ փաստաբանը նշեց, որ այս ամենը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ «Ադրբեջանն իր գործողություններով կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթները՝ մասնավորապես այն, որ կիրառել է ագրեսիվ ուժ, որով էլ խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Հարձակման արդյունքում Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՀՀ քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների»։

Փաստաբանը նշեց, որ 1949թ․ ընդունված Ժնևյան կոնվենցիան սահմանում է ռազմագերիների հետ վարվելու դրույթները․ «Սահմանվում է, որ ռազմագերիների նկատմամբ պիտի մարդասիրաբար վերաբերվեն․ ռազմագերին չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման կամ այլ գիտական-բժշկական փորձարարության, պետք է մշտապես պաշտպանության ներքո լինի, նրա նկատմամբ պետք է չկիրառվի բռնություն, վիրավորանք։ Ռազմագերին ունի անձի և մարմնի նկատմամբ հարգանքի իրավունք»։ Սակայն ինչպես մեր դիտարկումն է ցույց տալիս դեռ 44-օրյա պատերազմից ու դրանից առաջ տարբեր դրվագներից, կարող ենք տեսնել, որ Ադրբեջանը խախտում է գերի ընկած անձանց ոչ միայն ֆիզիկական և հոգեկան անձեռմխելիության իրավունքը, այլև՝ կյանքի իրավունքը։

«Կարծում եմ, որ պիտի միջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ։ Եթե չկիրառվեն կանխարգելիչ միջոցներ, ապա Ադրբեջանի կողմից այս գործողությունները կկրեն շարունակական բնույթ։ Պիտի կիրառվեն սանկցիաներ, և դրանք պետք է լինեն այնպիսին, որ Ադրբեջանը հասկանա, որ ցանկացած արարք ունի իր հետևանքները»,- ասաց Ավետիսյանն՝ ընդգծելով, որ մենք միջազգային քրեական դատարան դիմելով պիտի պահանջենք, որ կիրառվեն սանկցիաներ, և այս առումով շատ կարևոր է, որ մեծ տերություններն այս անգամ նշում են, թե որն է ագրեսոր կողմը։

Ավետիսյանը նշեց, որ հարկ է պարզել նաև, թե ինչ պայմաններում են գերեվարվել մեր զինծառայողները՝ որտեղից, ինչ հանգամանքներում՝ ունեցե՞լ են նրանք պայքարելու համար բավարար ուժեր, ստացվե՞լ են նախապես հետախուզական տվյալներ։ Ըստ նրա՝ այդ քննության արդյունքում ձեռք բերված տվյալները ևս կարող են ներառվել միջազգային ատյաններին ուղղվող պահանջների մեջ։

Նարե Ավետիսյանի դիտարկմամբ՝ այն ամենն, ինչ տեղի է ունենում հիմա, դժվար է բացատրել։ «Մենք չգիտենք՝ ինչու է Ադրբեջանը պահում դիերը»,- ասաց նա՝ նշելով, որ նախկինում էլ, երբ ունեցել ենք գերիներ, պատանդներ, զոհեր, նրանց հետ Ադրբեջանն անթաքույց դաժանությամբ է վարվել։

«Ցանկացած իրավիճակ կարող է կարգավորվել երկկողմ համաձայնությամբ, սակայն փորձը ցույց է տվել, որ ոչ մի համաձայնություն Ադրբեջանը չի պահում։ Ըստ այդմ, կրկին մեր հույսն այն է, որ հարցը լուծվի միջազգային մակարդակում․ եթե նույնիսկ մենք համաձայնենք դիերի ու գերիների փոխանակության, Ադրբեջանը մարդու հումանիտար սկզբունքները հաշվի չի առնում, հաշվի առնելու լիներ, հարձակում չէր սկսի և պատերազմը չէր լինի»,- նշեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ