Ներքին 4 տարի առաջ - 23:37 18-09-2022

Անթիլիասում հոգեհանգստյան կարգ է մատուցվել ՀՀ-ի դեմ Բաքվի վերջին ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողների համար

Անթիլիասի Մայրավանքում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Հայաստանի դեմ Բաքվի սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ հայոց բանակի զոհված զինծառայողների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Կիրակի, 18 Սեպտեմբեր 2022-ին, նախագահութեամբ Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին կատարուեցաւ հոգեհանգստեան կարգ՝ Հայաստանի դէմ Ազրպէյճանի շղթայազերծած յարձակումներուն հետեւանքով հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած եւ իրենց կեանքը զոհաբերած հայոց բանակի քաջարի զինուորներու հոգիներուն խաղաղութեան համար։
Հոգեհանգստեան արարողութեան ներկայ էին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան, ընկերակցութեամբ դեսպանատան անձնակազմին:

Ինչպէս ծանօթ է, ազերի բանակին յարձակումներէն անմիջապէս ետք, Նորին Ս. Օծութիւնը իր դիմատետրի էջին մէջ միասնականութեան եւ համաժողովրդային ու համահայկական դիմադրութեան կոչ ուղղեց՝ Ազրպէյճանի մէջ: Յաջորդ օրը, Վեհափառ Հայրապետին հրաւէրով, Անթիլիասի Մայրավանքին մէջ, տեղի ունեցաւ համասփիւռքեան կառոյցներու ներկայացուցչական հանդիպում: Ապա, Վեհափառ Հայրապետը թելադրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերու եկեղեցիներէն ներս հոգեհանգիստ կատարել՝ նահատակ հայորդիներու հոգիներու խաղաղութեան եւ աղօթք՝ վիրաւոր հայորդիներու շուտափոյթ ապաքինման համար:

Ս. Պատարագէն ետք, Հայրապետը պատասխանելով Cilicia TV-ի հարցումներուն՝ ըսաւ. «Հոգեհանգիստ՝ նահատակուած զինուորներուն, աղօթք՝ վիրաւորներուն շուտափոյթ ապաքինման եւ դատապարտութիւն՝ Ազրպէյճանի բարբարոսային յարձակումին Հայաստանի Հանրապետութեան եւ իր խաղաղ բնակիչներուն դէմ, բնականաբար իւրաքանչիւր հայուն ազգային պարտաւորութիւնն է:

Մեր ազգին համար առաջնահերթ ու սրբազան պարտաւորութիւն է մեր միասնականութեան ամրապնդումը, ինչպէս նաեւ հայոց բանակի հզօրացումը՝ մէկդի դնելով ներքին տարակարծութիւնները: Մենք չենք կրնար այլեւս ուրիշներու շահերուն ենթակայ եւ աշխարհաքաղաքական պայմաններուն անձնատուր դառնալ:

Քաղաքական երկխօսութիւնը, ճկունութիւնը եւ իրապաշտութիւնը պէտք չէ մեզ առաջնորդեն վտանգելու Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը եւ անկախութիւնը: Սա մեր ազգին ու հայրենիքին համար կարմիր գիծ է»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում