Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:20 07-09-2022

Գարեգին Բ-ն կատարել է Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունը

Սեպտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունը։ Վարչական շենքը կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների սրտաբուխ հանձնառությամբ և ազնիվ նվիրատվությամբ։

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, պաշտոնեությունը, տիար Վաչե Մանուկյանի հատուկ ներկայացուցիչ Արա Ալեքսանյանը և հավատավոր հայորդիներ։
Հիմնօրհնեքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը հղեց բարեպաշտ Մանուկյան ընտանիքին, որն իր արդար վաստակը ծառայեցնում է հայոց ազգի բարօրության և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար: Հայոց Հովվապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված ազգանվեր և էջմիածնասեր բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյաններին ու նրանց սիրեցյալ զավակներին պարգևի աստվածօրհնյալ և երջանիկ կյանքի բազում տարիներ ու նորանոր բարի իրագործումներ ազգային-եկեղեցական անդաստանում։

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց նաև ճարտարապետ Արտակ Ղուլյանին և շինարարությունն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ–ին՝ Երկնավորից հայցելով, որ բարի ավարտին հասցնեն նոր կառույցի շինարարական աշխատանքները:
Ապա Նորին Սրբությունն ընթերցեց հիմնօրհնեքի առիթով կազմված հիշատակարանը, որն այնուհետև զետեղվեց կառույցի հիմքերում։

«․․․Հայրապետական մեր օրհնությունն ու բարձր գնահատանքն ենք բերում ազգային բարերարներին, որոնց ազգասիրության և հայրենանվիրումի արգասիքն են հայրենիքում և սփյուռքի հայահոծ տարբեր համայնքներում գործող հայ մանուկների ինքնության դարբնոց դպրոցներն ու վարժարանները, երիտասարդների բարձրագույն կրթությանն ի նպաստ սահմանված կրթաթոշակները, բարեսիրական և մշակութային ծրագրերը։ Մանուկյան եկեղեցասեր ամոլը առանձնահատուկ ուշադրություն է ընծայում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ իր արդար վաստակից պարբերական ընծայաբերումներով զորավիգ լինելով Եկեղեցու հոգևոր և հայապահպան սրբազան առաքելությանը։ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների առատաձեռն հոգածությամբ 2012 թվականին Սուրբ Էջմիածնում վեր խոյացավ «Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանը»՝ իր հարուստ գրադարանով և վայելուչ պայմաններով՝ հայրենական-եկեղեցական կյանքում դառնալով աստվածաբանական և հայագիտական ուսումնասիրությունների և գիտաժողովների ուրույն կենտրոն։

․․․Նոր կառուցվող վարչական շենքը պիտի ծառայի Մայր Աթոռի վարչական կառույցների մեկտեղման և գործունեության արդյունավետ կազմակերպման գործին՝ իր յուրօրինակ ճարտարապետությամբ նաև գեղեցկացնելով մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոնը։

Հայրապետիս աղոթքն է, որ Բարձրյալ մեր Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, բարօր ու շեն՝ արշխարհասփյուռ հայոց կյանքը, պայծառ ու բարեզարդ՝ Հայաստանյայց մեր Սուրբ Եկեղեցին․․․», - նշված է հիշատակարանում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին