«Ես չեմ կարողանում համակերպվել, որ մենք այս սարը տվեցինք, 6-7 հեկտար սարից տվեցինք որպես սեփականության իրավունքով, հիմա իրենց այդպես է պետք, անում են» ,-
Oragir.news-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան հիմնադրամի» տարածած «Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձան համալիր» նախագծի անիմացիոն տարբերակին։
Մինասյանը, անդրադառնալով կառավարության անդրադարձին՝ ասաց. «Վերջին կառավարության հաղորդումը հուշում է, որ բոլոր փաստաթղթերը պետք է լինի ու համաձայնեցվի Շրջակա միջավայրի պատասխանատուների, հնագետների հետ, որովհետև եթե ինչ-որ հետքեր մնացել են, դրանք վերջին հաշվով պետք է հաշվի առնել։ Մի անձնավորություն չի կարող տիրանալ այդ տարածքներին և ամեն ինչ անի՝ ինչքան էլ դրա խորքում լինի աստվածասիրության գաղափարը՝ վերջին հաշվով մենք քանդում ենք մեր ունեցածը։ Բազմաթիվ անգամներ ասել ենք, վերջին անգամն էլ ասել եմ, որ կառավարությունն ասել է, որ ոչ մի բան չի շարժվի տեղից, մինչև համապատասխան փաստաթղթերը, համապատասխան գերատեսչությունների հետ վերջնականապես չլուծեն։ Ես տեսնում եմ, որ ընդհանրապես այդ կողմերի վրա շարժ չկա, ընդհանրապես պետք է քննարկել այդ խնդիրը։ Մենք ԿԳՄՍ նախարար ունենք, չգիտեմ, շատ նախարարներ ունենք, եթե նրանք չեն քննարկում, բա ո՞վ պետք է քննարկի։ Վարչապետն ասաց, որ դա շատ մեծ հոսք կբերի տուրիստների, բայց ես չգիտեմ ինչ հոսք պետք է բերի դա»։
Մինասյանի խոսքով, օրենքի մեջ է անգամ գրված, որ եթե հնավարյն ունի իր սահմանները, և առհասարակ ոչ մի հնավայր՝ մինչև վերջ պեղված չէ և այդտեղ չի կարելի որևէ բան կառուցել.
«Երևի անուժ են՝ ընդդեմ այդ հսկայական ծրագրի իրագործմանը։ Բայց դա շատ երկար ժամանակ է քաշելու և ինձ թվում է, որ տգեղ բան է ստացվելու։ Նման բան սարքելը շատ դժվար բան է, պետք է արվեստից գլուխ հանող մարդ լինի, որ կարողանա 70 մետրանոց արձանը սարքի, և դա նայվի, դա մեծ խնդիր է, որը մենք պատահական տալիս ենք ինչ-որ մեկին։ Մերկուրով սարքել էր Ստալինի արձանը, ու Մերկուրովի նման տաղանդավոր քանդակագործը գրել էր, որ այդ ամեն ինչը չափման մեջ է և այլն և այլն։ Դա ո՞նց ենք անելու, կամ ինչու՞ ենք անում, չգիտեմ։ Ինձ թվում է, որ այն գաղափարը, որ պետք է շատ մարդիկ գան ու դա նայեն, դա միֆ է, մի երկու անգամ կգան ու կտեսնեն, էլ չեն գա։ Նոր աշխարհի կաթոլիկ երկրներում արդարացված է, և ամեն ինչը նրան է գնացել, որ մարդկանց բերեն կաթոլիկ աշխարհ։ Ազնիվ խոսք, ես չգիտեմ, թե մենք ինչ ենք ուզում անել, բացարձակապես չեմ հասկանում։ Նախ պետությունը պետք է տեր կանգնի , ու եթե պետությունն ասել է, որ չէ, գիտեք, որ մեր ավանդական եկեղեցու հիմքերում նման բան չկա, ամեն մարդ պետք է շարժվի իր օրենքներով, հակառակ դեպքում Սոդոմ-Գոմորի կվերածվի, բայց երևում է, որ արդեն աշխարհը վերածվել է, որ մենք չենք իմանում»։