Ներքին 4 տարի առաջ - 17:22 24-08-2022

ՊՆ-ի նախագիծը, ըստ որի 24 մլն ունեցողները 4,5 ամիս կծառայեն, առերևույթ հակասահմանադրական է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքում փոփոխությունների նոր նախագիծ, որով առաջարկվում է, որ այն զինապարտները, որոնք ունեն 24 մլն դրամ գումար, կարող են վճարել պետությանը և զինվորական ծառայություն անցնել 4,5 ամիս։

Այսինքն՝ ստացվում է, որ 24 մլն չունեցողները պիտի 2 տարի բանակում ծառայեն, սահման պահեն, իսկ ունեցողները ընդամենը 4,5 ամիս ուսուցման փուլ անցնեն։ ՊՆ-ի այսնախագիծը ոչ միայն սոցիալական արդարության տեսանկյունից է խնդրահարույց, այլ նաև առերևույթ հակասահմանադրական է։

Անդրադառնալով նախագծին, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Սահմանադրության 1-ին, 29-րդ և 83-րդ հոդվածներով և մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերով ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա)՝ խտրականության արգելքն ամրագրող 14-րդ հոդվածով սահմանվում է, որ կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն՝ համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքների միջև: Ըստ ՄԻԵԴ-ի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, իր վճիռներից մեկում (Andrejeva v. Latvia (GC 18.02.2009, 55707/00, § 81) ՄԻԵԴ-ը նշել է. «…տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»: Անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումները. 1) պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները (ՍԴՈ-731), 2) Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից (ՍԴՈ-881), 3) խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224): Վերոշարադրյալ համատեքստում պարզ է դառնում, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ «Շարքային կազմի պարտադիր զինծառայողը պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ կարող է արձակվել նաև ծառայության չորրորդ ամիսը լրանալուց և պատրաստության ուսումնական փուլն ավարտելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու դեպքում:» դրույթը ակնհայտ խտրական մոտեցում է պետության առջև պարտավորություն կատարող միևնույն անձանց միջև՝ կապված գույքային դրությունից, ինչն էլ իր հերթին խախտում է այդ անձանց Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները»,- պատասխանեց Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում