Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:50 18-08-2022

Մենք չենք նկատում, մենք արդեն հարմարվել ենք, բայց աղետն արդեն մշտապես ապրում է մեզ հետ. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։

Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով եւ սահմռկեցուցիչ վթարներով։

Սա ունի երկու խորքային պատճառ։ Նախ՝ մենք չենք կարողանում փակել պատերազմի էջը։ Դա հնարավոր է միայն նոր իշխանության ձեւավորման եւ երկրում նոր մթնոլորտի հաստատման դեպքում։ Պատճառներից երկրորդը պետական ինստիտուտների գործունեության խայտառակ ցածր որակն է, որ մոտենում է ներքին անկառավարելիության աստիճանին։ Բացի այն, որ համակարգը լցվել է անգիտելիք յուրայիններով, պետական համակարգի եւ պետական ինստիտուտների առաջ դրվում է բացառապես մեկ խնդիր՝ իշխանության պահպանում։

Սա շատ վտանգավոր փուլ է, որը պահանջում է զգոնություն, զսպվածություն եւ խորքային լուծումներ։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել փրկարար եւ այլ հատուկ ծառայությունների անձնակազմերի անձնուրաց, անձնազոհ աշխատանքը։

Կա մի այլ սուր խնդիր, որն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում։ Թե´ մինչեւ 2018-ը, թե´ 2018-ից հետո քաղաքում տրվել են, բառիս բուն իմաստով, մահաբեր շինթույլտվություններ։ Կառուցվում են շենքեր՝ առանց անվտանգության որեւէ նորմի պահպանման։ Հենց հիմա Երեւանում կառուցվում են շենքեր, որոնք վաղը կարող են դառնալ խոշոր աղետների հասցեներ։ Ամեն նեղ անկյունում խցկված են բազմաբնակարան, բազմահարկ շենքեր. Աստված չանի՝ վաղը մի բան լինի, ասելու են՝ ինչո՞ւ այսպես եղավ։

Լինի մի պարզ լրագրողական հետաքննություն՝ հենց հիմա կառուցվող շենքերի, շինությունների շուրջ, ու մենք կպատկերացնենք, թե ինչ ռիսկերի առաջ ենք։ Սուրմալուի ողբերգությունը պիտի դառնա մեծ ահազանգ ու ցավոտ խթան՝ ստուգելու եւ վերստուգելու բոլոր կասկածելի անվտանգությամբ շենքերն ու տարածքները, անհրաժեշտության դեպքում՝ վերանայելու շինթույլտվություններն ու խստացնելու շահագործվող տարածքների անվտանգության պահանջները, գտնելու հնարավոր լուծումները։ Պետք է մոբիլիզացնել համապատասխան գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներին՝ անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական աստիճանակարգից։ Անվտանգությունը պետք է վերջապես դառնա երկրի թիվ մեկ օրակարգային հարցը։

Մենք չենք նկատում, մենք արդեն հարմարվել ենք, բայց աղետն արդեն մշտապես ապրում է մեզ հետ։ Սա նորմալ չէ։ Հերիք է այս փոքր երկրին այսքան աղետ ու մահ։ Որպես առաջին քայլ՝ անվտանգությունը՝ ներքին եւ արտաքին, պետք է դառնա հանրային տոտալ պահանջ, պետք է «կազմակերպել» այդ պահանջը, պետք է ձեւավորվի այդ պահանջին բովանդակային, կազմակերպչական տեսք տվող քաղաքական-հասարակական շարժում, միավոր կամ մի այլ ձեւաչափ, որը կբերի մեր երկիրը ներքին եւ արտաքին անվտանգության որոշակի կայուն մակարդակի։

Վահե Հովհաննսիյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին