Ներքին 4 տարի առաջ - 09:55 15-08-2022

Ամենաթողության պատճառով կրկին տուժում է հանապազօրյա հաց վաստակող, հարկատու քաղաքացին․ Թագուհի Թովմասյան

Հրդեհային ու տեխնիկական անվտանգության կանոնների նկատմամբ տնտեսվարողի, ինչպես նաև վերահսկող պետական մարմինների հերթական ամենաթողության պատճառով կրկին տուժում է հանապազօրյա հաց վաստակող, հարկատու քաղաքացին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

Նա հավելում է․ «1. Վերջին 20 տարիների ընթացքում մեր Հանրապետության տոնավաճառներում, առևտրի կենտրոններում և խոշոր սուպերմարկետներում 150-ից ավելի հրդեհ է արձանագրվել, որոնց պատճառած նյութական վնասի գումարը գերազանցել է 600 միլիոն դրամը: Դրանց մեծ մասի առաջացման պատճառը հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսումն է եղել, կրակի, պայթյունավտանգ նյութերի հետ անզգույշ կերպով վարվելը, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների շահագործման տեխնիկական կանոնների խախտումը:

2. 2021 թվականի ապրիլի 6-ին նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում էլեկտրական լարերի անսարքության պատճառով այրվել էին 18 տաղավարներ, որոնց տնօրինող տնտեսվարող սուբյեկտներից և ոչ մեկն առ այսօր չի ստացել որևէ նյութական փոխհատուցում, ավելին, ինչպես վկայում են հենց իրենք՝ տնտեսվարողները, կիրառվել են իրենց «լռեցնելու» ամենատարբեր մեթոդներ:

3. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», ինչպես նաև «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով սահմանվում են տեխնիկական և անվտանգային կանոնների բազմաթիվ պահանջները, ներառյալ օբյեկտի, տվյալ դեպքում՝ առևտրի կենտրոնի ապահովվածությունը համապատասխան տարհանման ուղիներով, հակահրդեհային պաշտպանության միջոցներով, այդ թվում՝ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերով և հրդեհի ազդանշանման համակարգերի առկայությամբ: Բայց շատ դեպքերում և վայրերում դրանք չկան կամ չեն պահպանվում:

4. Ավելին, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի Հոդված 2-ը առհասարակ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության բնակչության որակյալ և հուսալի հրդեհային պահպանությամբ ապահովումը: Սակայն պայթյունի օջախ հանդիսացած պահեստը դեռևս անցյալ տարի էր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվել, ներկայացվել էր կարգադրագիր՝ պարտավորեցնելով վերացնել խախտումները: Եվ հիմա հարց է առաջանում՝ որքանո՞վ է ՔՏՀԱ տեսչական մարմինը հետևողական գտնվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետներում խախտումների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների և դրանց իրականացման ավարտը վերահսկելու ուղղությամբ:

5. Այսօր էլ մայրաքաղաքի շատ օբյեկտների տարրական էլեկտրատեխնիկական նորմերը չեն պահպանվում: Մեկ սովորական էլեկտրալարով ապահովվում է մոտ 30 խանութների էլեկտրական սնուցումը, բացակայում են անգամ հիգիենայի տարրական կանոնները, խնդրահարույց է համապատասխան քանակի և որակի արտաքնոցների առկայությունը նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Սակայն, քաղաքացին, տվյալ դեպքում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատողը, պարտավոր է լինել օրինապաշտ հարկատու, պարտավոր է վճարել հարկերը, խանութի վարձակալության վճարները՝ առանց ուշացման՝ փոխարենը չունենալով և այդպես էլ չստանալով կյանքի և իր գործունեության անվտանգության ոչ մի երաշխիք:

6. «Սուրմալուի» շենքը բազմամյա է: Այն հարմարեցվել և կահավորվել է նախկին պահածոների գործարանի շենքի վրա, վթարայնությունն օր-օրի ավելանում է: Եվ կարծում եմ, որ օր առաջ «Սուրմալու»-ն պետք է փակվի՝ մինչև բոլոր անհրաժեշտ նորմերը պահպանելու համար միջոցներ չձեռնարկվեն:

7. Տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածությունն ապահովելու նպատակով նման խոշոր, ընդգրկուն առևտրի կենտրոնները, պահեստները, ծառայությունների սպասարկման կենտրոնները պետք է Երևան քաղաքից դուրս բերվեն պահպանվող ընդարձակ տարածքներ: Անթույլատրելի է պայթուցիկ նյութերի կողքին խաղալիքներ կամ սնունդ պահպանելն ու վաճառելը: Սա հրդեհներից, տեխնածին աղետներից ու դրանց ծանրագույն հետևանքներից խուսափելու ուղիներից մեկն է: Այլապես, յուրաքանչյուր դժբախտությունից հետևություններ չանելով և սխալները չուղղելով՝ կունենանք նոր ողբերգական դեպքեր:

Ես ցավակցում եմ օգոստոսի 14-ին զոհվածների ընտանիքներին, անհետ կորածներին ցանկանում եմ բարի վերադարձ՝ ողջ ու առողջ, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը