Ներքին 4 տարի առաջ - 15:26 28-07-2022

Պետական 100 տոկոս ֆինանսավորմամբ 5-8 բուհ կստեղծվի

«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է բոլոր բուհերի համար սահմանել միջազգայնորեն ընդունելի միասնական, լիցենզավորման և հավաստագրման ստանդարտներ՝ ըստ ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման և այլ չափանիշների: Կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս, նշեց, որ կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ:

«Նախատեսվում է բուհերի համար ստեղծել հավասար մրցակցային դաշտ, մասնավորապես, մշակել բուհերի միասնական կազմակերպաիրավական ձև, նույնականացնել կառավարման համակարգը: Հատուկ ուշադրություն է դարձվելու կրթական ծրագրերին՝ հիմք ընդունելով աշխատաշուկայի պահանջները: Նախատեսվում է ներդնել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կրթական ծրագրեր, կվերանայվի մասնագիտությունների ցանկը»,-ասաց Արթուր Մարտիրոսյանն՝ ավելացնելով, որ կներդրվեն պետական պատվերի ձևավորման միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման ինստիտուցիոնալ մեխանիզմներ:

Ակնկալվում է, որ մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգի յուրաքանչյուր շրջանավարտ կունենա միջազգայնորեն ճանաչելի և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտական որակավորում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետում ձեռք բերել արժանապատիվ աշխատանք կամ սկսել սեփական գործը:

«Արմատական բարեփոխումների գործընթացում պետք է առանձնացնել պետական բուհերի խոշորացումը գիտահետազոտական ինստիտուտների հետ, որն արվում է հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման նպատակով: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը: Հայաստանյան կոնկրետ թվով բուհերին, պետական թիրախային աջակցության միջոցով, հնարավորություն կընձեռվի միջազգային մրցակցության պայմաններում էականորեն բարելավել մեր դիրքերը: Արդյունքում, 2030 թվականին 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի ցանկում»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ գործադիրն ընդունում է կարևոր փաստաթուղթ, որի առնչությամբ երկար և համակողմանի աշխատանք է արվել:

«Փաստաթղթին ծանոթացողը կմտածի, որ 8 տարիների ընթացքում բարդ է այս ամենն իրականացնելը, բայց վերջին 4 տարիներին կրթության ոլորտում արվող քայլերին ծանոթ մարդը կհասկանա, որ շատ ուղղություններով արդեն բավական աշխատանք արվել է, առաջ գնացել ենք: Այս փաստաթղթում ամփոփել ենք բոլոր ուղղություններով արվող աշխատանքը ու ներկայացրել ենք մեր՝ մինչև 2030 թվականի տեսլականը: Կարծում եմ՝ ստացել ենք ամփոփ փաստաթուղթ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան