Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:25 16-07-2022

Երևանի քաղաքապետն այցելել է Ժամանակակից արվեստի թանգարանի 50 և Հենրիկ Իգիթյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդես

Շուրջ 1500 այցելու և 600 հյուր. Ժամանակակից արվեստի թանգարանի 50 և Հենրիկ Իգիթյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդեսը մեկ ամսում գրավեց բազմաթիվ արվեստասերների ուշադրությունը: Հանրապետության հրապարակի՝ ԱԳՆ նախկին շենքում ներկայացված նոր ու բացառիկ ցուցադրությանը ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Թանգարանի չցուցադրվող ֆոնդերում տասնամյակներ շարունակ պահվող ավելի քան 300 բացառիկ գործ, այդ թվում՝ Ժանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյանների, այսօր հասանելի է ժամանակակից արվեստը գնահատողներին: Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:

«Մեր նպատակն է, որ Երևանը նաև մշակութային կենտրոն լինի, և մենք պետք է աջակցենք, որպեսզի թանգարանային բոլոր նմուշները, որոնք ցուցադրվում են կամ երբևէ չեն ցուցադրվել, ավելի հասանելի դառնան քաղաքացիների համար, նրանք ավելի շատ տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում Երևանի մշակութային կյանքում: Այս ցուցահանդեսը վառ օրինակ է, որը հնարավորություն կտա քաղաքացիներին շփվելու ժամանակակից արվեստի հետ: Որոշում կա նաև, որ այսուհետ մեր բոլոր թողարկումների ընթացքում մշակութային բաժին ենք ունենալու և արտացոլելու ենք Երևանի մշակութային կյանքը տարբեր ուղղություններով, որպեսզի այն ավելի հասանելի լինի»,- նշել է քաղաքապետը:

Վիդեոարտ, ինստալյացիաներ, տեսաֆիլմեր. այստեղ 60-ականների, 80-ականների հեղինակներն են: Աշխատանքը, որքան սպասված, նույնքան էլ պատասխանատու էր: Յուրաքանչյուր անկյուն յուրովի մոտեցմամբ է կահավորվել: Ոչ թանգարանային շենքում թանգարանային մթնոլորտի ու միջավայրի պակաս այսօր չկա:

Հոբելյանական մեծամասշտաբ ցուցադրությունն առաջին քայլն էր, առջևում նոր նախագծեր ու նախաձեռնություններ են՝ ուղղված հանրահռչակելու երևանյան մշակույթը:

«Իմ գործուղման ընթացքում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Փարիզի քաղաքապետի հետ՝ Փարիզում ցուցադրություն կազմակերպելու վերաբերյալ, որի շրջանակում կներկայացվի ժամանակակից արվեստի թանգարանի հարուստ հավաքածուն: Մենք դրանով հնարավորություն կտանք աշխարհին ճանաչել մեզ և մեր մշակույթը: Վստահ եմ՝ նաև այն խնդիրները, որոնք առկա են, իհարկե, բազում խնդիրներ կան, դրանք լուծվելու են, և մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվելու»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

«Թանգարանն իր գործունեության ընթացքում երազել էր նման ընդարձակ տարածքի մասին, որտեղ հնարավորություն ունեցավ վերջապես ավելի ամբողջական ներկայանալ: Մեզ ուրախացնում են Երևանի քաղաքապետի հետաքրքրությունը և հետևողականությունը, լավ սպասելիքներ ունենք և հուսով ենք, որ դրանք կիրականանան»,- նկատում է թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:

Այցելուների համար ցուցահանդեսը բաց է յուրաքանչյուր օր՝ բացի երկուշաբթիից, ժամը 11:00-18:00-ը, այն կգործի մինչև օգոստոսի 16-ը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ