Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:54 12-07-2022

Արդյո՞ք բան չկա թաքնված այդ հեռախոսային համբույրների տակ, ասենք՝ սողացող օձ

Աշխարհում չկա մի երկիր՝ լինի քրիստնյա, մահմեդական, թե բուդդիստ կամ մեկ այլ դավանանք ունեցող, որ պատերազմում պարտված երկրի հետ չխոսի հաղթողի դիրքերից, չթելադրի ու չպահանջի և իր օրակարգն առաջ չտանի: Այդպիսի հաղթած ու պարտված երկու երկրի վարչապետները՝ Հայաստանի և Թուրքիայի, հեռախոսազրույց են ունենում իրար հետ: Մեկմեկու շնորհավորում են, մեկը՝ Կուրբան Բայրամի տոնի առիթով, իսկ մյուսը՝ Վարդավառի տոնի կապակցությամբ: Գուցե և պոետիկ է՝ կրոնների օդային համբույր քաղաքական առաջնորդների շուրթերով: Բայց անկե՞ղծ էր, ազնի՞վ էր, արդյո՞ք բան չկա թաքնված այդ հեռախոսային համբույրների տակ, ասենք՝ սողացող օձ:

Փաշինյանն ու Էրդողանը խոսել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ հույս հայտնելով, որ արագ կյանքի կկոչվեն հատուկ բանագնացների՝ հուլիսի 1-ի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները, երբ կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել օդային բեռնափոխադրումներ: Այս դեպքում պոետիկը նահանջում է՝ տեղը զիջելով հիմարիկին:

Սահմանը չի բացվում Հայաստանի քաղաքացիների համար, որ ուզում են՝ գնան-գան, առևտուր անեն, հարստանան: Անգամ դիվանագիտական անձնագիր ունեցող հայաստանցիների համար սահմանը մնում է փակ: Իսկ տարածաշրջանում երրորդ երկիրը Ադրբեջանն է, որ ուզում է վռազ-վռազ Թուրքիա գնա ու գա: Միամտություն կլիներ ասել, որ Վրաստանն է կամ Իրանը, նրանք առանց մեր միջնորդությամբ էլ գնում-գալիս են:

Անկարան, ինչպես և Բաքուն, մշտապես խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, նաև ընդգծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կոորդինացնում է իր դաշնակից Ադրբեջանի հետ։ Իսկ պատերազմից հետո Թուրքիան սկսել է հետաքրքրվել Հայաստանի ներքին խնդիրներով, երբեմն-երբեմն հայտարարություններ անել ներքաղաքական սրացման առիթներով, ինչը նախկինում երբեք չէր արել: Վերջերս Չավուշօղլուն իր անհանգստությունը հայտնեց, որ Հայաստանի ընդդիմությունը հարձակվել է վարչապետի տան վրա: Քո ի՞նչ գործն է, մենք ենք, մեր ընդդիմությունը, մեր վարչապետը: Դրանից առաջ էլ, մինչև Էրդողանի մակարդակով, դիրքորոշում էր հայտնել Թուրքիան, որ թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանում, երբ Օնիկ Գասպարյանը ընդամենը հայտարարություն էր արել:

Արդյո՞ք Էրդողանը բարիդրացիական կամ բարեկամական մղումով է շնորհավորել հայերիս համար այնքան կարևոր Քրիստոսի պայծառակերպության տոնը: Եթե ոչ, մտածելու տեղիք է տալիս, եթե այո, դարձյալ մտածելու տեղիք է տալիս:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ