Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:30 08-07-2022

Դուք հազիվ ստիպեք ապարատներով վճարել, բա հո չեք բուժի կամ կրթեք․ երբ պետությունը սուպերզարգացած է փորձում երևալ սպառողների հաշվին

Վերջին շրջանում իշխանամետ գործիչները հիացական տվյալներ են հրապարակում, թե ինչպիսի տուրիստական, ֆինանսական հոսքեր կան դեպի Հայաստան․ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով այդ երկրների քաղաքացիները, գործարարները շտապում են օր առաջ հաստատվել մեր հայրենիքում։ Ու այնքան երանելի վիճակում ենք մենք և մեր երկիրը, որ տասնյակ, հազարավոր մարդիկ պարզապես փափագում են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ։ Այս հողի վրա վերջերս անգամ ցուցանիշներ հրապարակվեցին՝ քաղաքացիություն ստանալու սրընթաց աճը ցուցադրելու համար՝ իհարկե, առանց նշելու արտագաղթողների, քաղաքացիությունից հրաժարվողների թիվը եւ այն հանգամանքը, որ այսօր շատերը կապույտ անձնագիր են ցանկանում ստանալ այլ երկիր մեկնելու համար։ Այս ֆոնին ոմանք այնքան էին «բոբիկացել», որ քննարկում էին, թե եկեք քաղաքացիություն տրամադրելու չափանիշները խստացնենք, տուրքերը բարձրացնենք։

Ինչպես կասեր դասականը, հանգիստ նստեք տեղներդ։ Եթե օդանավակայանի քաոսը տեսնելուց հետո անձնագրայինի կիլոմետրանոց հերթերում հայտնվող անձը դեռ ցանկանում է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ, ուրեմն պետք է հասկանալ՝ որտեղ է ուզում մեզ գցել։ Իհարկե, չնչին բացառություններով նրանց մի փոքր մասը կարող է լինել իրական հայրենասերներ, Հայաստանով գերվածներ։ Հիմա ՀՀ բախտավոր քաղաքացի լինելու պատրանքներդ հօդս են ցնդում, երբ սկսում ես «մոտիկից» շփվել մեր պետության հետ և հասկանում ես, թե ինչ «հոգատար» իշխանություններ ունենք։

Այդ «հոգատարները» հուլիսի 1-ից որոշել են, որ կրթական և բժշկական հաստատություններում բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ, դե թվային դարաշրջան է, տեխնոկրատիա, պետք է հետ չմնալ, ու թքած, որ քո երկրում մարդկանց մի հոծ զանգված աշխատում է ստվերում, գրանցված աշխատող չէ, մի հոծ զանգված առհասարակ չի տիրապետում տերմինալներից օգտվելու կանոններին, և առհասարակ քո երկիրը տեխնիկապես պատրաստ չէ այդպես «քաղաքակրթվել», որովհետեւ մինչեւ մարդկանց ստիպել «օնլայն» կյանք վարելը, պետք է նախ օֆֆլայն կյանքը կատարյալ դարձնել, համապատասխան ենթակառուցվածքները ստեղծել, այլ առաջնահերթ պայմաններ ապահովել։

Այսօր ականատես եղա, թե ինչպես էր մայրը նոր վիրահատված երեխային թողել տատիկի մոտ, երեխան անընդմեջ լացում էր, իսկ մայրը երկու ժամ վերև-ներքև էր բարձրանում, բոլոր հնարավոր տերմինալներով փորձում վճարել, այդ ընթացքում բազմաթիվ աշխատողների հարցնում, զբաղեցնում, անհանգստացնում, ծրագրային, տեխնիկական խնդիրներ կային, և այդ երկուժամյա տանջանքի արդյունքում անգամ վճարումը չհաջողվեց անել։ Ու այսպես օրական բազմաթիվ դեպքեր։ Հիմա երեխայի առողջության պահպանման իրավունքն է գերակա, որի համար, ի դեպ, ծնո՞ղն է վճարում, թե՞ ստվերի դեմ պայքարը։ Եւ ովքե՞ր են ստվերում գտնվողները, վստահաբար ոչ նրանք, որոնք շարքային բուժհաստատությունում, կրթական հաստատությունում մի 100-200 հազար ծառայությունից են ցանկանում օգտվել։

Սա ի՞նչ անիմաստ թիթիզություն է, սա ի՞նչ «լոպազություն» է, ի՞նչ ձեւականություն է, կրթության եւ առողջության պահպանման իրավունքը թողած՝ ընկել եք մարդկանց բանկային հաշիվները «պտռելու» ետևից, թե բա քաղաքացին անկանխիկ վճարելու իրավունքն է իրացնում։ Քաղաքացին եթե ցանկանում է անկանխիկ վճարել, կարող է վճարել, բայց հազարավոր քաղաքացիներին ձեր անկանխիկը հարմար չէ, անպիտան է, նյարդայնացնող է, խոչընդոտող է, նորամուծություններ կարող եք իրականացնել պետության պարտավորությունները իրականացնելիս, ոչ թե մեր՝ շարքային սպառողների հաշվին սուպերզարգացած երևալիս։ Ապա նայեք, թե զարգացած և քաղաքակիրթ աշխարհում պետությունները կրթություն ստանալու, առողջության պահպանման իրավունքների իրացումը ինչպես են ապահովում, իսկ դուք հազիվ ստիպեք ապարտներով վճարել, բա հո չեք բուժի կամ կրթեք․․․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում