Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:30 02-07-2022

Հայաստանի տնտեսության «զարգացումից» բնակչությանը միայն գնաճն է «հասանելի»

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2022թ. մայիսի վերաբերյալ։ Oragir.news-ը անդրադարձել է մայիս ամսվա համեմատական ցուցանիշներին։ Մինչդեռ հունվար-մայիս ժամանակային միջակայքի տվյալները որոշակիորեն շեղվում են մայիսի տվյալներից։ Դրանից, իհարկե, պատկերը մեծ առումով չի փոխվում, այդուհանդերձ շեղումը տեսանելի է, և մյուս կողմից ընդամենը մեկ ամսվա համեմատությունը նախորդ տարվա նույն ամսվա հետ չի կարող իրավիճակի ամբողջական պատկերը տալ ու միաժամանակ որոշակի եզրակացություններ անելու հնարավորություն ընձռել։
Ինչևէ։

Եթե մայիսին ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 113․0%-ով, ապա հունվար-մայիս ժամանակահատվածում այդ աճը կազմել է 110․2%։ Մայիսին տնտեսության ողնաշարը հանդիսացող արդյունաբերության աճը կազմել է հազիվ 2%, հունվար-մայիս միջակայքում՝ 2․7%։ Մայիսին սպառողական գների ինդեքսը կազմել է 9%, տարվա առաջին հինգ ամիսներին՝ 7․7%։ Նույն ամիսների կտրվածքով շինարարության աճը 11․4% է, մինչդեռ մայիսին՝ 18․1%։ Առևտուրը հինգ ամիսների հաշվով աճել է 8․9%-ով, միայն մայիսին՝ 12․4%։ Արտաքին առևտուրը մայիս ամսին աճել է 45․5%-ով, առաջին հինգ ամիսներին՝ 36․6%-ով, ծառայությունների աճը, ի տարբերություն մայիսի 30․2% աճի, հունվար-մայիս ժամանակային միջակայքում կազմել է 24․9%։

Ի՞նչն է այս թվերում էական․ բացի արդյունաբերությունից, որ թե՛ ամսվա, թե՛ հինգ ամիսների կտրվածքով ներկայացված երկնիշ աճի ֆոնին զրոյականին ավելի մոտ է, մնացած բոլոր պարագաներում չունենք բնականոն զարգացում, սուբյեկտիվ գործոնի հսկայական դերակատարություն կա։ Oragir.news-ը այլ առիթով այդ գործոններին անդրադարձել է, այդուհանդերձ, նշենք, որ շինարարության աճը հիմնականում գոնե այս փուլում ժամանակավոր է և միանշանակ պայմանավորված է եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսների ետ վերադարձի ծրագրի պայմանների փոփոխմամբ։ Մնացած բոլոր թվերը, կլինի ներքին առևտուր, արտաքին առևտուր, սպասարկումներ, ծառայություններ, պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմով։

Պատերազմական գործողությունները սկսելուց հետո ՌԴ-ից Հայաստան են ժամանել 120-ից 150 հազար IT ոլորտի ներկայացուցիչներ՝ բավականին տռուզ գրպաններով։ Չմոռանանք, որ միայն ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ ՌԴ-ից ավելի քան 200 մլն դոլար ավել փոխանցում էր կատարվել ՀՀ։ Այթի ոլորտի ներկայացուցիչները, տեղավորվելով Հայաստանում, այստեղից են աշխատում Արևմտյան ընկերություններում, ու այն բարձր աշխատավարձերը, գումարները, որ այդ 120-150 հազարը պետք է ստանային Ռուսաստանում, ստանում են Հայաստանում, վճարում հյուրանոցների ու հյուրատների վարձ, սննդի, հագուկապի, ժամանցի, ընդհանրապես սպասարկումների համար գումարներ ծախսում։

Ինչ վերաբերում է արտաքին առևտրի «աննախադեպ» աճին․ մայիսի կեսից ավելի Լարսը փակ էր, գյուղմթերք իրացնող ընկերությունները միլիոններով վնասներ են կրել, գինի, կոնյակ արտադրողները «լաց են լինում» են թե՛ գների, թե՛ իրացման ծավալների վրա։ Հանքահումքի իրացման ծավալները նվազել են, պղնձի գները՝ նույնպես։ Որտեղի՞ց ուրեմն արտաքին առևտրի աճը․ Հայաստանը դարձել է «տրանզիտ» երկիր, Արևմուտքից այստեղ է ներկրվում առավելապես սննդամթերք ու վերապիտակավորվելով հոսում դեպի ՌԴ, և ճիշտ հակառակը։ Այնպես որ, Հայաստանի տնտեսությունը, համաձայն պաշտոնական վիճակագրության, զարգանում է, մինչդեռ Հայաստանի բնակչությանը այդ «զարգացումից» միայն գնաճն է «հասանելի»։ Իսկ տնտեսության այս պատկերը հաշված օրերի ընթացքում կարող է շրջադարձային փոխվել՝ դարձյալ պայմանավորված ռուս-ուկրաինական զարգացումներով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր