Կառավարությունը որոշել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել
Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։ Նրա եղբորից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանից, հարցրինք, թե ինչ կարծիք ունի քրոջ թեկնածության վերաբերյալ։
Սաֆարյանը թեև ասաց, որ իր կարծիքը սուբյեկտիվ է, սակայն, այնուամենայնիվ, պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ որպես և՛ լավ քաղաքացի, և՛ լավ իրավաբան, և՛ լավ փաստաբան, որքան էլ որ իմ կարծիքը սուբյեկտիվ լինի` որպես եղբայր, ինքը արժանի է այդ պաշտոնը զբաղեցնելուն։ Ի դեպ, ասեմ, որ շատ անակնկալ է եղել մեզ բոլորիս համար վերջին օրերի ընթացքում, մենք բացարձականապես չենք սպասել, որ այդպիսի առաջարկ կստանա ինքը, և ընդհանրապես չէինք էլ երազել այդ կարգավիճակի մասին։ Այնպես որ, վերջին պահերին ինքն էլ էր ուզում հասկանալ՝ ընդունի՞ առաջարկը, թե՞ ոչ, ինքը շատ սիրում է իր մասնագիտությունը։
Երեկ ու այսօր, երբ ես իրեն օգնում էի փաստաթղթերը դասավորելիս, ինքս էլ հպարտության զգացողություններ ապրեցի․ նա ներկայացնում էր, թե ինչպես են իր գործերը բախտորոշ նշանակություն ունեցել Հայաստանում իրավաստեղծ գործունեության համար։ Օրինակ՝ ես չգիտեի և կարծում եմ` հասարակությունն էլ տեղյակ չէ, որ ՄԻԵԴ-ում իր տարած հաղթանակների շնորհիվ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը ներմուծվեց Հայաստանի իրավակիրառ պրակտիկա և օրենսդրություն, և նմանատիպ այլ գործեր, որոնք նա շահել էր, և այդ խնդիրները, ըստ էության, ոչ միայն արդարության վերականգնման և կոնկրետ անձանց իրավունքների խախտման հետ էին կապված, այլև Հայաստանի օրենսդրական բացերն էին ցույց տալիս, որոնց հիման վրա օրենսդրությունը լրամշակվեց։
Ես կարծում եմ՝ ինքը լավ թեկնածու է ՍԴ-ի համար, որովհետև ինքը շատ բազմափորձ է հատկապես քաղաքացիական և քրեական գործերով, և այս առումով Քրեական, Քաղաքացիական օրենսգրքերի և ընդհանրապես այդ իրավահարաբերությունների դաշտում գտնվող խնդիրների և Սահմանադրության համապատասխանելիության հարցում շատ պետքական կլինի Հայաստանի Հանրապետությանն ու հայ հասարակությանը»,- ասաց Սաֆարյանը։
Դիտարկմանը, թե ՍԴ դատավորը պարտավոր է քաղաքական զսպվածություն և չեզոքություն դրսևորել, և հարցին, թե Սեդա Սաֆարյանը կարո՞ղ է քաղաքականապես չեզոք լինել՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժի կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու, նախկինում էլ քաղաքական հայտարարություններ է արել, Ստյոպա Սաֆարյանն արձագանքեց․ «Տիկին Սեդան ընտրություններին մասնակցել է որպես պրոֆեսիոնալ, որպես քաղաքական գործիչ չէ, որ հրավիրվել է այդ թիմ՝ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը, նա որպես լավ իրավաբան է հրավիրվել, ով պետք է խորհրդարանական աշխատանքի համար։ Նույն տրամաբանությամբ իշխող թիմի կամ որևէ այլ թիմի ներկայացուցիչ որևէ մեկը որևէ նման պաշտոնի չառաջադրվի, բայց խոսքը դրա մասին չէ, խոսքը վերաբերում է․․․, քաղաքական չեզոքությունը վերաբերում է ընդհանուր առմամբ․․․, քաղաքական չեզոքությունը չի ասում՝ դու հրաժարվիր քո քաղաքական կամ քաղաքացիական համոզմունքներից։ Մասնագիտական չեզոքության դրույթը, որ տարածվում է դատավորների ու մնացածի վրա․․․, ի դեպ, ինձ էլ, երբ ես նախկինում Հանրային խորհրդի նախագահ էի, փորձում էի հասկացնել, որ աշխարհում է այդպես, քաղաքական չեզոքությունը չի նշանակում ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ, քաղաքական չեզոքություն նշանակում է ընդհանրապես քո վարույթում գտնվող, քո քննության ներքո գտնվող գործով, եթե գտնում ես, որ կա շահերի բախում, կան քաղաքական հայացքների հետ հակասություններ, դու ինքդ ուղղակի դուրս ես գալիս այդ գործից։
Քաղաքական չեզոքությունը առաջինը տարածվում է քո մասնագիտական գործունեության ընթացքում հայտնած տեսակետներին և կարծիքներին։ Ես կարծում եմ, որ Սեդան, անկախ նրանից, որ սև ու սպիտակ գունաբաժանմամբ քաղաքական ներկապնակի պայմաններում միգուցե ոմանք փորձեն ասոցիացնել որևէ քաղաքական ճամբարի հետ, բայց խոշոր առումով ինքը եղել է պրոֆեսիոնալ, իր գործի գիտակ, և իր խոսքում Դուք չեք գտնի մի բան, որը քաղաքական թիմի օգտին է, այլ ոչ թե արդարադատության շահից բխող»։