Միտք Ներքին 4 տարի առաջ - 16:59 29-06-2022

Մինչ ընդդիմությունը տեղում դոփում է, իշխանությունը «նոր հաղթանակներ» է գրանցում

Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ՝ այն ասուլիսի, որը բոյկոտել էին ու անգամ չէին էլ դիտում, հանկարծ բացահայտեց, որ շուտով Նիկոլը Բերձորն ու Աղավնոն էլ է հանձնելու։ Ու մի վայնասուն, մի հարայ-հրոց, մի աղմուկ-աղաղակ, մի շտապ հանրահավաքի կոչեր․․․ Ա՛յ ախպեր, հանգստացեք, Բերձորն ու Աղավնոն Նիկոլը դեռ 2020թ․ նոյեմբերի 9-ի գիշերն էր հանձնել՝ թղթով, որտեղ սևով սպիտակի վրա ժամկետ էր նշված՝ Լաչինի միջանցքը գործելու է երեք տարի, դրանից հետո ձեր եղած-չեղածը կհավաքեք, ու հա՜յդա, եսիմ ուր։ Հենց էդպես էլ գրած էր՝ հա՜յդա, եսիմ ուր, ուղղակի ռուսերեն էր գրած, երևի լավ չենք հասկացել, կամ սխալ թարգմանություն է եղել, ու գլխի չենք ընկել, որ երեք տարին հենց ուղիղ երեք տարուց է, ոչ թե ստատուս քվոյի նման՝ մի 30 տարի։

Հիմա էդ երեք տարին մոտենում է, Ալիևն էլ նոր ճանապարհի բացմանն է մոտենում, որ փակի հին ճանապարհը, այսինքն՝ միակ մարդասիրական միջանցքը արցախցիների ու հայաստանցիների համար։ Բայց ընդդիմությունը քնից նոր զարթնածի պես նորից որոշել է, որ Նիկոլը հողերը հանձնում է, հիմա էլ Բերձորն ու Աղավնոն է հանձնում, ուստի պետք է ոտքի կանգնել ու թույլ չտալ, որ․․․ Դեռ պարզ չէ՝ ինչը թույլ չտալ, քանի որ նախորդիվ ոտքի կանգնելու բազմաթիվ դեպքերում հիշում ենք, որ դեռևս միայն թույլ ենք տվել, հիմա չգիտենք՝ ինչը պիտի թույլ չտանք։ Երկրորդ, ո՞ւմ պիտի թույլ չտանք, որ հանձնի Բերձորն ու Աղավնոն, կողքի գյուղը՝ Սուսն էլ հետը․ Նիկոլի՞ն, որը թքած ունի ձեր թույլ տալ-չտալու վրա, Ալիևի՞ն, որը սպառնում է զենքով վերցնել, եթե հանկարծ այստեղից որևէ մեկը փորձի թույլ չտալ, թե՞ էդ թուղթը ստորագրած երրորդ կողմին՝ Պուտինին, որին, կներեք, չեք կարող թույլ չտալ։

Ամեն դեպքում մեր ընդդիմությունը ամսի մեկին նոր, հերթական մի հուժկու հանրահավաք է հրավիրել, որպեսզի մարդկանց ոտքի հանի ու ոտքի վրա պահի ևս մի քանի ժամ, ստիպի լսել հերթական ճառերը՝ թույլ չտալու մասին, հետո էլ էդ նույն ուռած ոտքերով քայլեցնի մի քանի ժամ ու ճամփի տուն։ Բայց մի հարց է պետք ուղղել հարգարժան ընդդիմությանը․ դուք Բերձորի ու Աղվանոյի՞ համար եք պայքարում, թե՞ Նիկոլի ու նրա հանձնողական քաղաքականության։ Բերձորից առաջ Նիկոլը մի ամբողջ Արցախի 75 տոկոսն է հանձնել, Սյունքից Շուռնուխի ու Որոտանի մի մասն է հանձնել, Գորիս-Կապան մայրուղին է հանձնել, Սև լիճն է հանձնել․․․ Հիմա դուք եկել եք, ասում եք՝ Բերձորը հանձնում է, ոտքի կանգնենք, որ չհանձնի։ Իսկ մինչ դուք տեղում դոփում եք՝ մի մետր անգամ առաջ չգնալով դեպի իշխանափոխություն, իշխանությունը ձեր դեմ պայքարի հարցում հերթական առաջըթնացն է գրանցում։ ՔՊ-ն արդեն որոշել է, որ ձեզ պետք է զրկի խորհրդարանական պաշտոններից, հետո էլ՝ մանդատներից։ Շնորհավորում ենք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում