Ներքին 4 տարի առաջ - 18:32 21-06-2022

Երկու քաղաքացիներ դատապարտվել են Ոստիկանության պարեկներին կաշառք տալու համար

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված ևս 2 երկու քրեական գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով Ա. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար:

Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2022թ. հունվարի 26-ին, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ սթափության վիճակի զննության չենթարկելու, ըստ այդմ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նա որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ գումար է առաջարկել պարեկին: Նույն պահին ոստիկանության ծառայողին կաշառք տալու կասկածանքով նա բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին:

2022թ. փետրվարի 15-ին քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու մասին:

Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ` Ա. Խ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում Գ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի պարեկները Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ծառայություն իրականացնելիս, ժամը 12:40-ի սահմաններում, նկատել են Գ. Ն.-ի կողմից վարած ավտոմեքենան և տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար կանգ առնելու ազդանշան են տվել: Ստուգման արդյունքում տեսուչները պարզել են, որ վարորդը ավտոմեքենան վարել է նաև սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցնելու և տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ գործող պայմանագիր չունենալու պայմաններում: Երբ պարեկները վարորդին տեղեկացրել են նշված վարչական իրավախախտումների համար արձանագրություններ կազմելու մասին, Գ. Նազարյանն իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար պարեկներից մեկի գրպանն է դրել մեկ հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ՝ որպես կաշառք՝ առաջարկելով արձանագրություն չկազմել և իրեն չենթարկել վարչական պատասխանատվության: Նույն պահին Գ. Նազարյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:

2021թ. դեկտեմբերի 9-ին քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու մասին:

Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ` Գ. Նազարյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

Պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված ևս 5 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնց դատաքննությունը շարունակվում է:

Նույնաբնույթ մեկ քրեական գործ էլ գտնվում է նախաքննության փուլում:

ՀՀ գլխավոր դատախազությունը վարորդներին հորդորում է ձեռնպահ մնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրենց վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց ոստիկանության համապատասխան ծառայողներին կաշառք տալու հանցավոր և արատավոր երևույթից:

Բոլոր նման դրսևորումները հանգեցնելու են անխուսափելի քրեաիրավական հետևանքների. նման հանցավոր արարք կատարած անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում