Ներքին 4 տարի առաջ - 20:44 15-06-2022

Ռումինիայի Բակաու քաղաքում բացվել է հայկական խաչքար-հուշարձան

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հունիսի 10-ին Ռումինիայի Բակաու քաղաքում մասնակցել է հայկական խաչքար-հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ռումինիայում Հայաստանի դեսպանության կայքում կատարված հրապարակումից պարզ է դառնում, որ հուշարձանը կանգնեցվել է քաղաքի կենտրոնում՝ 1848թ․ կառուցված, սակայն 1977թ․ երկրաշարժից ավերված հայկական եկեղեցու տեղում։ Խաչքարը Հրազդան համայնքի նվերն է քույր քաղաք հանդիսացող Բակաուին։

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունից առաջ տեղի է ունեցել դեսպան Մինասյանի ու Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուի հանդիպումը, որին, հեռավար ձևաչափով, միացել են նաև Հրազդան համայնքի ներկայացուցիչները՝ ի դեմս համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանի, ով ընթերցել է նաև համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղերձը։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել հուշարձանի հանդիսավոր բացումը՝ Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանի և Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուի մասնակցությամբ։ Այնուհետ տեղի է ունեցել խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։

Դեսպան Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Հրազդանի համայնքապետարանին միջնադարյան պատմության քրիստոնեական հայկական խորհրդանիշի` գեղազարդ խաչքարի նվիրատվության, Բակաուի քաղաքապետին ու Ռումինահայոց միության Բակաուի մասնաճյուղի ղեկավար Վասիլե Հակոբին՝ միջոցառման կայացման, իսկ ներկաներին՝ արարողությանը մասնակցելու համար, մասնավորապես, նշել է.

«Յուրաքանչյուր մշակույթ ունի իրեն յուրահատուկ տարր, որը խորհրդանշում է տվյալ ազգի մշակույթը. հայկական մշակույթի համար այդպիսի խորհրդանիշ է հանդիսանում հայկական խաչքարը»։

Դեսպանը նաև ընդգծել է, որ թեև հայերը Ռումինիայում հաստատվել են 10-րդ դարում, սակայն հայերի թիվը կտրուկ աճել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված հայատյաց քաղաքականության և հայոց ցեղասպանության հետևանքով։ Ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետնորդներն այսօր կազմում են Ռումինիայի հայ համայնքի հիմնական մասը, որը ջանք չի խնայում պահպանելու իր ազգային ինքնությանը։

Ելույթով հանդես է եկել Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուն, որը կարևորել է խաչքարի տեղադրումը և նշել, որ այն ոչ միայն կրոնական և մշակութային արժեք է ներկայացնում, այլև խորհրդանշում է Հրազդան և Բակաու համայնքների բարեկամությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն առավել կամրապնդվի շոշափելի արդյունքներով։

Ռումինահայ ռեժիսոր, դերասան Ֆլորին Գևորգյանն ընթերցել է Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանի ուղերձը:

Խաչքարի բացման հանդիսության ավարտին ներկաները ծաղկեպսակներ են դրել հուշարձանի առջև:

Արարողությանը ներկա են եղել Բակաուի տեղական ինքնակառավարման մարմինների ու ռումինահայոց միության մասնաճյուղերի ղեկավարները, Ռումինահայոց թեմի և Ռումին ուղղափառ եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ, ռումինահայ համայնքի բազմաթիվ անդամներ, հայտնի մտավորականներ ու արվեստի գործիչներ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur