Ուղիղ եթեր
Մշակույթ Ավելին 4 տարի առաջ - 20:45 31-05-2022

Անծով երկրի ծովանկարիչը

Այսօր մեր անծով երկրի ծովանկարչի` Վարդան Մախոխյանի ծննդյան օրն է։

1869 թ. մայիսի 31-ին Տրապիզոնում ծնված Վարդան Մախոխյանը սովորել Կարնո Սանասարյան վարժարանում։ Մանկուց նկարչությանը զուգահեռ տարված է եղել նաև երաժշտությամբ։ Ստեղծելով բազմաթիվ էտյուդներ, մատիտանկարներ, ջրաներկ աշխատանքեր՝ միաժամանակ համերգներ է տվել Տրապիզոնում` հանդես գալով տեղի ակումբում որպես ջութակահար։

Երբ եկել է մասնագիտություն ընտրելու պահը, հաղթել է նկարչությունը։ Մասնագիտական կրթություն ստանալու համար վայրը ընտրելիս որոշիչ է դարձել ավագ եղբայրը, որն այդ տարիներին սովորում էր Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Մախոխյանը մեկնել է Բեռլին և 1891-1894 թթ. սովորել Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Էուժեն Բրախտին և նորվեգացի ծովանկարիչ Հանս Ֆրեդերիկ Գուդեին։

Ակադեմիան ավարտելիս Մախոխյանը դիպլոմին զուգահեռ արժանացել է Գուդեի ամենակարևոր ու բարձր գնահատանքին. «Այլևս քեզ սովորեցնելու բան չունեմ»։

Բեռլինյան փայլուն կրթությունից հետո Մախոխյանը մեկնել է Յալթա և աշակերտել Հովհաննես Այվազովսկուն` ամիսներ շարունակ ապրելով մեծ ծովանկարչի տանը։

Այնուհետև 1895-ին այցելել է հայրենի քաղաք` Տրապիզոն, սակայն բարեբախտաբար կարողացել է փախչել համիդյան ջարդերից։ Վերադարձը Եվրոպա ոչ միայն օգնել է Մախոխյանին փրկվել նախճիրից, այլ նաև հասնել հաջողությունների ստեղծագործական կյանքում։ Նա ցուցահանդեսներ է բացել Գերմանիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում։

Մախոխյանի կյանքի կարևորագույն իրադրաձություններից մեկը տեղի է ունեցել 1904-ին, երբ նա դարձել է Բեռլինի նկարիչների միության անդամ։ Իրոք, մեծ պատիվ էր լինել անդամ` 12 հոգուց բաղկացած այն միության, որի նախագահը Վիլհելմ Երկրորդ կայսրն էր։ Ժամանակի մամուլը վստահեցնում է, որ Վիլհելմ կայսրը հիացած էր հայ նկարչի տաղանդով. «Ինքնահավան, արվեստի հարցերում բծախնդիր և հայերի հանդեպ անբարյացակամ տրամադրված կայսրը, անտեսելով այդ բոլորը, ձեռք է բերում Մախոխյանի մի քանի ստեղծագործությունները, ինչպես նաև ծովանկարչի ալբոմը»։
Այնուհետև կայսրը Մախոխյանին պարգևատրել է «Կարմիր արծիվ» շքանշանով, որը երազանք էր գերմանացի նկարիչների համար։

Վարդան Մախոխյանը մրցանակների ու պարգևների պակաս երբեք չի զգացել, իր մասնակցած բոլոր մրցույթներից միշտ էլ ստացել է մրցանակներ ու արժանացել բարձր գնահատականների։

Օրինակ՝ 1925-ին Վարդան Մախոխյանը Լատինական Ամերիկայի երկրների միջազգային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի։ Այս տարեթիվը, հատկապես, բարեբեր է եղել նկարչի համար։ Նույն տարում Փարիզի Սալոնում բացվել է Մախոխյանի մեծ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում պահվաղ նրա բոլոր գործերը։ Ցուցահանդեսի ազդեցությունն ու հաջողությունն այնքան մեծ է եղել, որ հայ գեղանկարիչն արժանացել է ֆրանսիական կառավարության հատուկ պարգևին՝ «Պատվո լեգեոնի» շքանշանին։

Վարդան Մախոխյանը կյանքի վերջին հատվածը կապել է Ֆրանսիայի հետ, նա հաստատվել է ֆրանսիական հարավում գտնվող Նիս քաղաքում, որտեղ էլ 1937-ին մահացել է 67 տարեկան հասակում։

Ի դեպ, 1923 թ. արձագանքելով Խորհրդային Հայաստանի լուսժողկոմ Ա. Մռավյանի խնդրանքին` օգնել նորաստեղծ Պետական թանգարանին, Վարդան Մախոխյանը հայրենիք է ուղարկել երկու տասնյակից ավելի կտավներ, որոնք այսօր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ