Ներքին 4 տարի առաջ - 15:12 28-05-2022

Ոստիկանության գործողություններն անօրինական էին, որովհետև հրապարակված դատական ակտ չկա․ փաստաբանը՝ «Սասնա ծռեր»-ի անդամներին բերման ենթարկելու մասին

Ոստիկանության գործողություններն անօրինական էին, որովհետև հրապարակված դատական ակտ չկա։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ անդրադառնալով խմբի անդամների բերման ենթարկվելուն։

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, ոստիկանության կողմից բերման են ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Պավել Մանուկյանը։

2021-ի փետրվարին առաջին ատյանի դատարանը «Սասնա ծռեր»-ի 9 առանցքային անդամներին մեղավոր ճանաչեց մի շարք հոդվածներով, այդ թվում՝ շենքեր-շինություններ զավթելու համար․ նրանք դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման։

Ամենածանր վճիռը կայացվել էր Սմբատ Բարսեղյանի նկատմամբ․ նա 25 տարվա կալանքի է դատապարտվել երկու ոստիկանների՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մահվան համար։ Վճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, այնտեղ ոչինչ չէր փոխվել։ Այնուհետեւ պաշտպանական կողմը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան։

Փաստաբանն ասաց, որ կարող է ենթադրել միայն, որ Վճռաբեկ դատարանը իրենց բողոքը վարույթ չի ընդունել։

«Ամեն դեպքում որևէ տեղեկություն չկա, ընդ որում՝ տեղեկություն չկա նաև «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։ Առավոտյան՝ ժամը 7-ին, ընդամենը ինձ զանգեցին և տեղեկացրին, որ Սեդրակ Նազարյանին ոստիկանները արգելանքի են վերցրել, ես կապվեցի Սեդրակի հետ, նա պատասխանեց, պատմեց, որ ոստիկանները ներխուժել են բնակարան, բայց որևէ պարզաբանում չեն ներկայացնում, ոչինչ չեն ասում, ոչ մի հարցին չեն պատասխանում։ Նրանք նաև ինձ հետ խոսել հրաժարվեցին, որից հետո ես իմացա, որ Վարուժան Ավետիսյանի բնակարան են այցելել, որ իրեն նույնպես տարել են»։

Նա ընդգծեց, որ որևէ մեկը չէր խուսափելու, չէր թաքնվելու։ «Բոլորն էլ գիտեն, թե ովքեր են էդ մարդիկ։ Բայց պետք էր էսպես վարվել։ Ես հիշեցնեմ, որ այսօր մայսի 28-ն է, իմ համոզմամբ՝ Հայաստանի առաջին ու իմ կարծիքով՝ առայժմ միակ հանրապետության հռչակման օրն է, ես կարծում եմ՝ օրը պատահաբար չի ընտրվել։ Ընդ որում՝ օրը շաբաթ է, ոչ աշխատանքային այս օրով նման գործողությունն այդպես իրականացնելը պատահական չէ։ Սա հստակ իր մեջ ուղերձներ է պարունակում։ Առնվազն ուղղված է հայ ժողովրդին։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր չեկիստական գաղութային համակարգը և նրա կրեմլյան տերերը հայ ժողովրդին հայտարարում են, որ անկախ, ինքնիշխան պետություն ունենալու մասին մոռանանք, որ թույլ չեն տալու»։

Հարցին, թե իրավական դաշտում ինչ գործողություններ են պատրաստվում իրականացնել, փաստաբանը պատասխանեց, որ կան ինչ-որ բաներ, որ դեռ կարելի է անել, բայց դրանք անիմաստ են, որովհետև իրավական պետության մեջ չենք ապրում։

Նա նաև ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանի վճիռը ունենալուց հետո որոշում կկայացնեն Եվրոպական դատարան դիմել-չդիմելու առնչությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը