Միտք Ներքին 4 տարի առաջ - 21:55 26-05-2022

Ընդդիմադիր ուժերի եւ գործիչների «ջրերը այնքան էլ մի առվով չեն հոսում»

Ավելի քան մեկ ամիս իշխանությունների դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի եւ գործիչների «ջրերը այնքան էլ մի առվով չեն հոսում»։ Եւ թեեւ այս մասին տհաճ է խոսել, բայց կրկնակի տհաճ է այս ամենին ականատես լինել։ Թվում է, թե գլխավոր թշնամու, հակառակորդի դերում ունենալով Փաշինյանին՝ ընդդիմադիրներին ոչինչ չէր խանգարի սեփական ամբիցիաները, համակրանքները եւ հակակրանքները թաքցնել, բայց ամեն ինչ այդքան կատարյալ չէ։ Համենայն դեպս, իշխանության դեմ օրուգիշեր պայքարող ընդդիմադիրների ոչ այնքան էլ համերաշխ հարաբերությունները տեսանելի են անգամ քաղաքացիների համար։ Եւ այս ամենին պետք է անդրադառնալ, որովհետեւ շատերին առնվազն վանում է այս «գզվռտվոցը», միմյանց՝ յուրայինի եւ օտարի բաժանելը, ելույթի համար կռվելը, իրար չլուսաբանելը․․․։

Հավաքների ժամանակ քանիցս նկատելի է եղել, թե ինչպես են միմյանցից բարձրախոս խլում, մեկը մյուսին թույլ չի տալիս ելույթ ունենալ։ Կամ յուրային ԶԼՄ-ներին արգելում են լուսաբանել իրենց հետ նույն հարթակում իշխանության դեմ պայքարող ընդդիմադիր գործիչներին։ Երկրորդ եւ երրորդ նախագահների՝ հանրահավաքներին մասնակցելու ժամանակ տեսնում էինք, թե ինչպես էին յուրային թիմերը կուսակցական էջերում հրապարակում տասնյակ լուսանկարներ, որոնցում չկար «ոխերիմ բարեկամը», մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի էջում չկար Սերժ Սարգսյանի լուսանկարը, իսկ ՀՀԿ-ի էջում՝ Քոչարյանի։ Եւ այս «մարտերը» միայն առաջին դեմքերի մակարդակով չեն։ Օրինակ՝ նկատելի է, թե ինչպես է քոչարյանական մեդիան ավելի զուսպ լուսաբանում «Պատիվ ունեմ»-ին եւ այդպես շարունակ․․․։

Կան գործիչներ, որոնք առհասարակ տոտալ բլոկադայի մեջ են, օրինակ՝ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին նույն քոչարյանական մեդիան չի լուսաբանում։ Իրավիճակը հատկապես սրվեց վերջերս Արմեն Աշոտյանի տելեգրամյան ալիքում Զոհրաբյանի հայտնի «վոյսի» պատահական հրապարակումից հետո, որտեղ նա ասում էր, որ շատերին վանում է Քոչարյանի մասնակցությունը։ Ընդ որում՝ միմյանց չլուսաբանելը, ավելին՝ տակից միմյանց դեմ աշխատելը այդքան թեթեւ եւ անմեղ գործընթաց չէ, պայքարող ուժերը նաեւ «փաստավավերագրական» նյութեր են հավաքում, ապացույցներ, որ ամեն ինչ ավարտվելուց հետո՝ Ահեղ դատաստանի գիշերը, ջրի երես հանեն։ Այդ ապացույցների մեջ գերակշռում են «սքրինները», թե ինչպես է իքս մեդիան պատահական հրապարակում ինչ-որ գործչի ստատուս եւ անմիջապես ջնջում՝ չիմանալով «չլուսաբանման» հրահանգի մասին։

Հարց է առաջանում՝ եթե այս «որակներով, գաղափարախոսությամբ, ժողովրդավարությամբ եւ համերաշխությամբ» են իշխանափոխություն անելու, գուցե պետք չէ՞։ Ինչպես ասում են՝ այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե այսքան տխուր չլիներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում