Ներքին 4 տարի առաջ - 20:41 26-05-2022

Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, միջոցառմանը հեռավար մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, առկա ձևաչափով՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ֆորումը վարել է Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից պետությունների առաջնորդներին, պատվիրակությունների ղեկավարներին, բոլոր ներկաներին և հույս հայտնել, որ միջոցառման հաջող անցկացումն ու դրա շրջանակում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները կնպաստեն եվրասիական ինտեգրացիայի հետագա առաջընթացին:

«Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա իսկապես ծառայություններն այսօր դառնում են մեր Միության երկրների տնտեսական համագործակցության զարգացման աճի նոր կետերի գեներատոր։ Այս ոլորտի դերը տնտեսության մեջ անընդհատ աճում է և ծառայությունների առանձին տեսակներ, որպես արտադրության գործոններ, էական ազդեցություն ունեն ապրանքների, արդյունաբերության ճյուղերի և տնտեսությունների մրցունակության վրա։ Այս առումով, եվրասիական ինտեգրման ամենակարևոր խնդիրը ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։

Այս խնդիրը լուծվում է, այդ թվում՝ ոլորտի ազատականացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և գործունեության միջոցով, որն իր հերթին ընդլայնում է բիզնեսի ակտիվացման հնարավորությունները։ Կարելի է ասել, որ ծառայությունների ազատ տեղաշարժի մակարդակն ինտեգրման յուրատեսակ ցուցիչ է։

Ծառայությունների առևտրի զարգացումը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև անդրսահմանային առևտրի ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական փոփոխությունների զարգացմամբ, որն ինքնին արդեն «աշխարհագրական անջատվածությունը» հաղթահարելու գործոն է և արդիական է Հայաստանի համար։

Այս առումով, առանձնահատուկ ուշադրության է արժանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ դրանց հավասար հասանելիության երաշխավորմամբ։
Այս համատեքստում, համագործակցության կարևոր ոլորտ է անդամ-պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը` տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտներն ակտիվորեն զարգացնելու և Միության թվային օրակարգն ամբողջությամբ իրականացնելու նպատակով: Թվային օրակարգի իրականացման շրջանակներում անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ու ԵԱՏՄ անդամ-երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները։

Ինչպես հայտնի է, տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաև ծառայությունների մատուցման համար։ Տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների դարաշրջանը բարձրացնում է երկրների միջազգային մրցունակությունը։ Եվ դա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն ունեն համաշխարհային գործընթացների վրա։ Տեղեկատվական տեխնոլոգիաները հավասար պայմաններ են ապահովում բոլոր խաղացողների համար՝ անկախ նրանց դիրքից կամ հնարավորություններից: Այդ իսկ պատճառով, ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է տնտեսական զարգացման հիմքերից մեկը։

Մենք նպատակադրված ենք ընդլայնելու մեր հնարավորությունները, որպեսզի դառնանք մի երկիր, որն արտադրում և մատուցում է բարձրորակ, բանականության վրա հիմնված ապրանքներ և ծառայություններ՝ իր հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալը:

Ընդհանուր առմամբ, նոր տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, մարտահրավեր նրանց համար, ովքեր ցանկանում են հետ չմնալ մարդկության առաջընթացից։ Հենց այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն եզակի ճյուղերից է, որը զարգացման համար չի պահանջում նավահանգիստներ, ելք դեպի ծով և հարուստ հանքային պաշարներ։ Այն պահանջում է մարդկային կապիտալ, իսկ դա այն ռեսուրսն է, որով միշտ աչքի է ընկել Հայաստանը։ Այս տեսանկյունից մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով երիտասարդների հմտությունների զարգացմանը»։

Ի պատասխան ֆորումը վարող Ալեքսանդր Շոխինի հարցի՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ մեր երկրի կառավարությունը փորձում է անել հնարավորը, որպեսզի ՀՀ-ն դարձնի գրավիչ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, և ընդհանրապես, բոլոր բնագավառներում ներդրումների համար: «Մենք այժմ նկատում ենք, որ առկա է դեպի Հայաստան ՏՏ մասնագետների որոշակի հոսք, մենք հասկանում ենք կոնտեքստը և փորձում ենք անել այնպես՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի ԵԱՏՄ-ի շրջանակում այդ շարժերը ծառայեն հենց միության ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը, քանի որ այն ընդհանուր շուկա է, ընդհանուր տարածք: Ընդհանուր առմամբ, կարելի ասել՝ այդպիսով ցույց ենք տալիս, որ ԵԱՏՄ-ի հիմնական նպատակներից մեկին հասել ենք, որովհետև աշխատուժի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժն այսժմ գործնականում կյանքի ենք կոչում: Հույս ունեմ, որ դա Եվրասիական տնտեսական տարածքի համար կդառնա սովորական, ինչը և փաստացի հանդիսանում է այն նպատակը, որը դրված է եղել կազմակերպության առաջ այն ստեղծելու պահին: Այնպես որ, սա շատ կարևոր նյուանս է, որպեսզի ընդգծենք Եվրասիական տնտեսական միության արդյունավետությունը»:

Ֆորումին տեսաուղերձով հանդես է եկել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է