Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:12 13-05-2022

Երիտասարդի ձայնը, երբ հնչում է հրապարակում, ողջ երկրում է լսվում

Դեռ չի եղել աշխարհում մի հասարակական կամ զանգվածային շարժում, որի շարժիչ ուժը, թափանիվը չլինի երիտասարդությունը, և հանկարծ հաջող ավարտ ու հանգուցալուծում ունենա: Ուզում եք՝ դրա անունը դրեք հեղափոխություն կամ նորարարություն, անգամ՝ պատերազմ: Այդպես է եղել և կա նաև մեր իրականության մեջ՝ սկսած 88-ի Ազգային զարթոնքից, 18-ի հեղափոխությունից, նաև այսօր ծավալվող Ազգային փրկության շարժումից: Այլ հարց է, թե հետո իրենց խաբվա՞ծ են զգում, թե՞ անիվը լույսի մեջ գլորած: Նրանք են ուժն ու խիզախումը, և՛ իրավունքը, և՛ իրադրության տերը մշակույթում ու սպորտում, թիմային խաղերում՝ մտքի ու հնարամտության, հրապարակում, մարզադաշտում ու պարահանդեսում: Նրանք են չհաշտվողը, առաջ գնացողը, հարցեր բարձրացնողը և խելահեղորեն անհավանական տեղեր նետվողը:

«Երիտասարդի ձայն» նախաձեռնության խոսքը հնչում է Ֆրանսիայի հարապարակում և լսվում ողջ երկրով մեկ՝ որպես ուղղակիորեն երիտասարդի ձայն՝ անարգել, անկասելի, չբեկվող, քար ու պատ ծակող, համասփյուռ ու իշխող, որովհետև ինքը ազատությունն է, նորաձևն է, ապագան է: Մեկ տեղում, մեկ տաղավարում հավաքված երիտասարդները՝ տարբեր բուհերի ուսանողներ, որ ցերեկն իրենց կրակով են ջերմացնում, իսկ գիշերը ջերմանում են վառարանի կրակից, շուրջօրյա լույս են այս երևանյան խաչմերուկ հրապարակում: Այս պայքարի շարժումն են, հավատն ու վստահությունը, հմայքն ու թարմությունը, հաջողության հույսը: Նրանք հրապարակում են ու քայլերթով փողոցներում՝ արևի տակ ու անձրևի, քամու մեջ ու ցրտի, մթին ու ցերեկը, և չեն ընկրկում ու նահանջում, երկմտում ու կասկածում, որովհետև երիտասարդություն նշանակում է նպատակ, առաջ և հաղթանակ:

Այդ տղաների ու աղջիկների աչքերը հավատ են, հայացքը՝ վճռականություն, կեցվածքը՝ վստահություն: Դեռ չի եղել աշխարհում մի պարիսպ ու պատնեշ, արգելք, որ փուլ չգա երիտասարդության առաջ: Որովհետև երիտասարդությունը մաքրություն է ու ազնվություն, շիտակություն, թարմություն ու գեղեցկություն: Ապագան՝ ներկայի մեջ, և ներկա, որ տեսնում ենք ապագայի մեջ: Զգում են աշխարհի շնչառությունը և աշխարհի շնչառության մեջ են իրենց զգում: Գիտակցում են պետությունն ու պետականությունը, հայրենիքի անփոխարինելիությունը, մեր արժեքներն ու ինքնությունը, տեր են և չեն կորցնելու, չեն շփոթելու:

Այդ տղաներն ու աղջիկները չունեն այլ շահ՝ բացի հարենիքի շահից, որ ամենաբարձրն է ու կատարյալն իրենց համար: Նրանք պաշտոնների, աթոռների, իշխանության համար չեն պայքարում և կիսելու ու բաժանելու բան չունեն: Նրանց համար այդ ամենը հայրենիք պահպանելն է և այն չկորցնելը: Նրանք տալիս են ու չեն սպասում պատասխանի, որովհետև վերցնելու են ամենամեծը՝ իրենց հայրենիքը: Այդպես ճշմարիտ հավատացյալն է նվիրվում Աստծուն, տալիս է ու չի սպասում, բայց ստանում է ամենաթանկը, ամբողջականը, որովհետև նրա մտքով, հավատալուց բացի, այլ բան չի անցնում: Այսպիսի երիտասարդություն ունեցող երկիրը չի կորչում, պատմությունը չի ջնջվում, ապագան չի խորտակվում, իսկ պայքարը հաղթում է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր