2019 թվականի սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծի ենթարկված գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է։
Այս մասին
Oragir.news-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։ Վերջինս նշեց, որ բժիշկները որդու առողջական վիճակի մասին ոչինչ չեն ասում, անորոշ վիճակ է․ «Իր մոտ դրական տեղաշարժ չկա։ Ամեն ինչ թողնված է Աստծո հույսին»։
Հայրը նշեց, որ գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանը, որը Վայոց Ձորի նախկին մարզպետ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է, առաջին ատյանի դատարանի որոշմամբ դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան․ «Ուզում են մեկ երրորդով հանեն։ Հինգ տարի են տվել։ Հուլիսի 1-ին Վերաքննիչում նիստն է, այս գործով դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել»։
Նշենք, որ այս գործով Տրդատ Սարգսյանը առաջին ատյանում ցուցմունք է տվել։ Սամվել Մխիթարյանը նաեւ նշում է՝ տղան տարիներով կոմայի մեջ է, սակայն ո՛չ ՊՆ-ից, ո՛չ պետական պաշտոնյաներից իրենց ընտանիքին որեւէ աջակցություն կամ նրանց կողմից տեսակցություն չի եղել․ «ՊՆ-ն ինչի՞ պիտի ինչ-որ բանի անի, նախարարը իրենց շեֆն է եղել։ Մեր մարզպետն էլ ինձ ախպոր խոսք տվեց, որ կողքս կկանգնի, որ արդար դատավորություն լինի, բայց րոպե ու կես իմ դուռը չի բացել։ Նախկին մարզպետին էլ պատգամավոր դրեցին, անձեռմխելիություն ունենա»։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019թ.-ի սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն 3 տարի է՝ գտնվում է կոմայի մեջ։ Նշենք, որ մամուլի տեղեկություններով՝ Արա Մխիթարյանի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը: Հիշեցնենք նաեւ, որ Տրդատ Սարգսյանը այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։