Ներքին 4 տարի առաջ - 15:39 20-04-2022

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ, որով առաջարկներ է ներկայացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։

Ներկայացնում ենք հայտարարության նախագիծը.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանի դրույթները եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի պահանջները,

Վերահաստատելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կյանքի կոչելու հանձնառությունը,

Հաշվի առնելով

Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը, Թուրք-ադրբեջանական տանդեմի «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը, քաղաքական եւ տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները, Հայաստանին աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային մակարդակներում կենսական զիջումներ պարտադրելու միջոցով հայկական գործոնը վերացնելու Թուրքիայի վերջնանպատակը։

Համոզված լինելով, որ

Հայաստանի եւ հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է, Հայաստանի, որպես ազգային եւ ինքիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության եւ սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է, Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության եւ Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են, Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բավարարելու համար, Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են էթնիկ ազգակցության եւ ուժի դիրքերից բխող միջազգային սկզբունքներին ու նորմերին հակասող քաղաքականություն և իրականացնում են «Մեկ ազգ` երկու պետություն» հայեցակարգը՝ Հայաստանի դեմ հանդես գալով երկու ճակատով:

Առ այդ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։ Հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն նկատի ունենալով հետեւյալ հիմնարար սկզբունքները.

1․ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը` նախատեսվող պարտավորությունների ստանձման եւ դրանց կատարման ուղղությամբ, անհրաժեշտաբար պետք է ներդաշնակ լինեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 12․01․2010թ որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին։

2․ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

3․ Առաջնորդվել Հայաստանի եւ սփյուռքի միասնական կամքով՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում։

4․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը ենթակա է լուծման համաձայն միջազգային իրավունքի հիմնարար և համընդհանուր նորմերի:

5․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը որեւէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և այն երաշխավորելու Հայաստանի հանձնառության կատարմանը։

6․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայամանվորվել և ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական եւ պանթուրանական ծրագրերի իրագործմանը։

7․Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ