Միտք 4 տարի առաջ - 18:09 18-04-2022

«Պախանատը»՝ ջղագարության շեմին...

Աշխարհաքաղաքական փոփոխությունների թափանիվը, արագացնելով ընթացքը, պատրաստվում է «դասասենյակից» դուրս հրավիրել նոր ժամանակների շունչն արհամարհող բոլոր կարգազանցներին: Երկիր մոլորակում մեկնարկած, բայց այդպես էլ չբարձրաձայնվող «ընդունման-հանձնման» գործընթացն ուղեկցվում է հին աշխարհի շնաձկների կողմից դրսևորվող՝ ամեն գնով փրփուրներից կառչելու, սեփական գանգում հղացած ցնորամիտ երազանքները կյանքի կոչելու, անդառնալիորեն զառամյալ աշխարհաքաղաքական խաղերին երկրորդ շնչառություն հաղորդելու տարտամ մի հույսով: Աշխարհում, ըստ էության, մեկնարկել է նոր, իր բնույթով նախորդներից էապես տարբերվող քննաշրջան, որն առանձնանում է պատերազմական թատերաբեմի բազմապլանությամբ և «բեկվոկալի» այդքան էլ չքողարկվող դերակատարությամբ: Խաղադրույքներն արված են...

Հակամարտող կողմերը հենց այս սկզբունքով են ելել պայքարի: Եթե փոքր ու միջին պետությունների համար սա արժանապատիվ ապագայի համար մղվող ինքնորոշման կռիվ է, աշխարհի քարտեզում արժանապատիվ գոյությունը պահպանելու մարտահրավեր, ապա ի դեմս հարյուրամյակներ շարունակ թույլերին հոշոտած, միլիոնավոր մարդկանց ունեզրկած շնաձկների՝ սա սեփական ժողովրդի աչքին նույն այդ ժողովրդի արյան գնով պարզերես լինելու, իրենց հարակայմանը միտված կենաց-մահու պայքար է:

Ուրեմն նման պարագայում ինչ վարք պիտի դրսևորի աքցանների մեջ հայտնված հայությունը, որ էլի ջարդած տաշտակի առաջ չհայտնվի:

Հայաստանի Հանրապետության սահմանային կետերում և Արցախի ողջ երկայնքով ծավալված, մարդկային մեծ կորուստներով ուղեկցված պատերազմն ընթացավ քաղաքակիրթ որակված, մարդուն իբրև արժանապատիվ կյանքի և համընդունելի արժեհամակարգի առանցք դիտարկող երկրների աչքի առջև: Երկրներ, որոնք, ցավոք սրտի, շարունակում են տուրք տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը: Մարդու իրավունքների պաշտպանության մեջ հմտացած Արևմուտքը, չգիտես ինչու, քար լռություն պահպանեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված սպանդի ժամանակ, զավեշտական չէր, երբ մեկ մարդու, տվյալ դեպքում՝ Նավալնու հանդեպ արևմտյան երկրների կողմից դրսևորվող «էստրադային սրտացավությունն» ավելին էր, քան մի ժողովրդի երիտասարդ հատվածի հանդեպ օրը ցերեկով իրականացվող սպանդի դատապարտումը: Սա է, որ մտորելու և մտահոգվելու առիթ պիտի տա ահաբեկչության ու անարդարության դեմ մարտնչող արժանապատիվ հանրությանը:

Մեզ համար սուրբ համարվող, ազգի լինելիության համար մղվող պատերազմն ու մեր որդիների անմեղ արյունը երբևէ, կրկնում եմ՝ երբևէ ու ոչ մեկի կողմից չպիտի դառնան շահարկման առարկա: Երկիրը թալանած ասպատակը համազգային ամնիստիայի ու հրապարակային ապաշխարման փոխարեն՝ «լժեհայրենասիրության» միջոցով իշխանափոխության չպիտի հասնի, ազնիվ լինելու դեպքում վերջիններս ազգի սերուցքը համարվող զոհված տղեկների գերեզմանների առջև ծնկելով պիտի խոստովանեն, որ այս սպանդի մեջ իրենց մեղսակցությունն էլ կա: Քանի որ վերջին տասնամյակների ընթացքում նրանք հայրենի երկրի սահմանների փոխարեն «ամրացրել» են սեփական ապարանքների պատերը: Ի վերջո նրանք պիտի գիտակցեն, որ երկրի վայրագ հոշոտման հաշվին կուտակած աստղաբաշխական միջոցները, դղյակներ ու թանկարժեք մեքենաներ դառնալու փոխարեն, պիտի ծառայեին Հայաստան երկրի բարգավաճմանն ու ամրապնդմանը, միով բանիվ՝ երաշխավորված ապագային: Իմ կարծիքով՝ հիմա տեղին չէ այս մասին խոսելը, քանի որ կրակից փրկվել՝ հիմա էլ «ցեխաջուրն» ենք ընկել:

Իշխանության ղեկը ստանձնած նորերն էլ լավ չմոռացված հներին են հիշեցնում: Իմ համոզմամբ՝ նրանց անմեղսունակ վարքը չի կարող նպաստել ստեղծված վիճակի բարելավմանը: Սակայն այս մասին էլ տեղին չէ խոսելը՝ նաև այն պատճառով, քանի դեռ չի եկել «քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակը»...

Գաղտնիք չէ, որ շնաձկների պայքարում նահատակվողն էլի ձկնիկներն են լինում: Երկրագունդը թևակոխում է նոր՝ ռազմաքաղաքական ցունամիների շրջափուլ, ու աշխարհաքաղաքական Գարգանտյուաների ախորժակը գնալով բացվում է, իսկ դա հստակ ուղերձ է փոքրիկ երկրներին, որոնց լինելիության միակ առհավատչյան վերջիններիս միասնականությունը կարող է լինել:

Կյանքը վկայում է, որ կշիռ ու համարում ունեցող այս կամ այն երկրի «խնամարկյալ» լինելը «թանկարժեք» հաճույք է, հար և նման՝ այս կամ այն հարցի լուծման դիմաց կրիմինալ հեղինակությունների մասնակցության համար «հարիֆների» կողմից նրանց տրվող վարձավճար-փայաբաժնին:

Եկել է մտորելու, միասնական ուժերով փոսից դուրս գալու, թե կուզեք՝ միմյանց մի կերպ հանդուրժելու ժամանակը... Հանուն գիտակցված խաղաղության...

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար