Ներքին 4 տարի առաջ - 16:03 10-04-2022

Միայն միջազգային իրավական սուբյեկտ Արցախը կարող է լինել Մարաղայի ողբերգության չկրկնվելու լավագույն երաշխիքը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ միայն ուժեղ և բարգավաճող, իր պետականությունը զարգացնող, միջազգային իրավական սուբյեկտայնություն ունեցող և ողջ հայությանն իր շուրջ համախմբող Արցախը կարող է լինել Մարաղայի ողբերգության չկրկնվելու լավագույն երաշխիքը։

Հայտարարության մեջ նշված է. «Այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի կողմից 1991 թ․ ապրիլի 10-ին կազմակերպված դաժան հաշվեհարդարի 30-րդ տարելիցն է։ Կոտորածի արդյունքում շուրջ 50 մարդ, այդ թվում՝ 30 կին, ենթարկվել է կտտանքների և գազանաբար սպանվել, մի քանի տասնյակը՝ գլխավորապես կանայք և երեխաներ, գերևարվել է, նրանցից 19-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Մարաղայի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ․ նպատակը տարածքի գրավումն ու այնտեղ ապրող մարդկանց ոչնչացումն էր։ Մարաղայի տասնյակ բնակիչներ սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։ Մարաղայի ջարդը, որը ծրագրվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից նաև որպես ահաբեկման ակտ, ի ցույց դրեց Բաքվի ցեղասպան ծրագրերն Արցախի ամբողջ բնակչության նկատմամբ։

Այն փաստը, որ ադրբեջանական զինված ուժերի՝ Մարաղայում պատերազմական հանցագործություններ կատարած ստորաբաժանումների հրամանատար Շահին Տագիևն արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, ևս մեկ անգամ փաստում է, որ խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը ադրբեջանական զորքի առջև դրված գլխավոր խնդիրներից էր։ Ադրբեջանական իշխանությունների այդ քայլը վերահաստատեց, որ նրանք են կրում Մարաղայում իրականացված միջազգային հակաիրավական գործողությունների ողջ պատասխանատվությունը։

Մարաղայի խաղաղ բնակիչների կոտորածը ադրբեջանական իշխանությունների կողմից ավելի քան 30 տարի կանոնավոր կերպով վարվող ցեղասպան քաղաքականության մաս է կազմում՝ սկսած Սումգայիթի դաժան ջարդերից մինչև 2020 թ․ 44-օրյա զինված ագրեսիայի ընթացքում իրագործված պատերազմական հանցագործություններ։

Միայն ուժեղ և բարգավաճող, իր պետականությունը զարգացնող, միջազգային իրավական սուբյեկտայնություն ունեցող և ողջ հայությանն իր շուրջ համախմբող Արցախը կարող է լինել Մարաղայի ողբերգության չկրկնվելու լավագույն երաշխիքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը