Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:41 05-04-2022

Նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից 80.000 դրամ դարձնելու նախագիծը ԱԺ հանձնաժողովում չընդունվեց

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ առաջարկում են «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի 1-ին հոդվածում «68.000» թիվը փոխարինել «80.000» թվով:

Վարդանյանն ասաց, որ սույն օրենքի նախագծի «Հոդված 2»-ով առաջարկում է գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝ աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 478 դրամ, աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 534 դրամ, աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 800 դրամ:

«Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել հետևյալը, որ նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։ Նվազագույն աշխատավարձը կգերազանցի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ լուծելով սոցիալական կարևոր խնդիր, նվազագույն աշխատավարձի աճով կբարձրանա նաև միջին աշխատավարձը, տնտեսության վրա դրական տեղաշարժ կլինի, նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն ավելի գնողունակ կդառնան, ինչը կնպաստի պահանջարկի աճին, որն իր հերթին կբերի առաջարկի աճ»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հարցին՝ արդյոք գործադիրի հետ քննարկում եղե՞լ է՝ ֆինանսական առումով, Վարդանյանն ասաց. «Ես ինչ եկել եմ ԱԺ, 12 օրենսդրական նախաձեռնություն եմ ներկայացրել, սակայն դրանք կառավարության կողմից որևէ արձագանք չեն ստացել։ Ամեն դեպքում ինձ խորհուրդ մի տվեք, մենք խորհուրդների երկրում չենք ապրում»։

Նախագծի հարակից զեկուցող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ասաց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի նվազմանը, ինչը կարող է բերել գնաճի, ինչի համար էլ առաջարկում է նվազագույն աշխատավարձը առավելագույնը բարձրացնել 17 %-ով։

Վարդանյանն ասաց, որ իրենց խնդիրն է կռիվ տալու ֆիննախի հետ՝ պաշտպանելու սոցիալական խնդիրները, իսկ կառավարության խնդիրը՝ ականջալուր լինելը խնդիրներին. «Կռիվը կառավարությունում պետք է տաք, ոչ թե գաք այստեղ ու խոսեք ֆիննախի մասին։ Ամեն գերատեսչություն պատասխանատու է իր ոլորտի համար և պետք է պատասխանատվություն կրի»։

Տիգրանյանն ասաց, որ սա կառավարության անդամների հավաքական դիրքորոշումն է, ոչ թե միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։

Տիգրանյանն ասաց նաև, որ եթե պատրաստվում են բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ապա այն ուղիղ կապ ունի բազային աշխատավարձի հետ:

«Քվեարկության արդյունքները անգիր գիտեմ, պարզ ու ակնհայտ է։ Հորդորում եմ գոնե այսօր մասնակցել Ազատության հրապարակի ընդդիմության հանրահավաքին»,- ասաց Վարդանյանը։

Նախագիծը չընդունվեց երկու կողմ և հինգ դեմ ձայներով։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին