Արտաքին 4 տարի առաջ - 19:57 04-04-2022

Լիտվան հետ է կանչում իր դեսպանին Ռուսաստանից

Լիտվայի կառավարությունը որոշել է կրճատել իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունը Ռուսաստանում։ Լիտվան Մոսկվայից հետ է կանչում իր դեսպանին և փակում Ռուսաստանի հյուպատոսությունը Կլայպեդայում։ Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, գրում է LRT-ն։

Նաև, ըստ նրա, Ռուսաստանի Դաշնության դեսպանը ստիպված կլինի լքել Լիտվան։

«Ի պատասխան ինքնիշխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիային և ուկրաինական տարբեր օկուպացված քաղաքներում ռուսական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններին՝ Լիտվայի կառավարությունը որոշել է նվազեցնել դիվանագիտական ​​ներկայացուցչության մակարդակը»,- ​​ասել է Լանդսբերգիսը։

Նախարարն ասել է, որ Լիտվան այս որոշման մասին տեղեկացրել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերներին և հորդորել է նույնը անել։

Լիտվայի անունից Գաբրիելիուս Լանդսբերգիսը հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ և դուրս բերել զորքերը երկրի տարածքից։

Ամենից շատ դիտված