Միտք 4 տարի առաջ - 22:21 15-03-2022

Հ1-ում հակակառավարական պաստառ պարզողին սատարողներ դժվար թե գտնվեն

Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմին դեմ են ոչ միայն ազատ աշխարհի երկրները, այլև ՌԴ-ում ապրող ժողովրդի մի մասը։ Հակապատերազմյան ցույցեր են կազմակերպվում ոչ միայն մեծ քաղաքների փողոցներում, այլև հանրային վայրերում։ Իսկ մարտի 14-ին ռուսական առաջին ալիքի «Վրեմյա» հաղորդաշարի եթերում հեռուստաալիքի աշխատակից, խմբագիր Մարինա Օվսյանիկովան հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևայի թիկունքում բարձրացրեց հակապատերազմական կոչով պաստառ. «Ոչ պատերազմին, դադարեցրե՛ք պատերազմը, մի՛ հավատացեք քարոզչությանը, այստեղ ձեզ խաբում են»:

Ռուսական պաշտոնական ԶԼՄ-ները մարտի 15-ին լուր տարածեցին, որ Մարինա Օվսյանիկովան հարցաքննվում է քննչական կոմիտեում, նրա դեմ, հավանաբար, կհարուցվի քրեական գործ՝ ռուսական բանակի գործողությունների մասին կեղծ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով, որով նրան սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Փաստաբանները նրա գնվելու վայրը չգիտեն, չեն կարողանում կապվել նրա հետ։ Հանրային հարթակներում և ընդդիմադիր շրջանակներում շատ են նրան բարոյապես սատարողները, նրա արարքը հերոսություն համարողները։ Այս գնահատականի հիմք է համարվում այն, որ նա ժողովրդին ճշմարտությունն ասելու համար ինքնազոհ ցույց է արել՝ աչքի առաջ ունենալով քրեական գործն ու ազատազրկումը։ Նրան հերոսացնելու հարցում կա նաև գործնական բաղադրիչ։ Մարինա Օվսյանիկովայի ցույցը կարող է բացարձակ հերոսացվել հետպատերազմյան շրջանում, եթե ռուս ժողովուրդը ընտրի ժողովրդավարությունը և քաղաքակիրթ աշխարհի հետ խաղաղ ու ներդաշնակ առաջընթացի ուղին։

Այսպիսի ցույցը՝ որպես մեթոդ, ընդունելի է հեղափոխականների (հատկապես՝ անախիստների) կողմից, բայց մերժելի է զինվորական բարոյականության տեսանկյունից։ Այս առումով՝ կա վտանգ, որ այն կարող է վարակիչ լինել ռուսական նախկին ազդեցության գոտիներում։ Օրինակ՝ պատկերացրեք՝ Հ1-ի տաղավար մտնի աշխատակիցներից մեկն ու ՌԴ քաղաքականության կամ ՀՀ կառավարության դեմ կոչերով պաստառ պարզի Պետրոս Ղազարյանի մեջքի հետևում։ Սա քիչ հավանական է, քանի որ ՀՀ-ն չի պաշտպանում ՌԴ նախագահի հակաքաղաքակրթական մղումները, ՀՀ իշխանությունները խաղաղության դարաշրջան են բացում, իսկ ընդդիմադիր քաղաքական համայնքը դադարի վիճակում է, պատկերավոր ասած՝ «զանգի է սպասում»։ Եվ եթե Մարինա Օվսյանիկովային մեծ թվով սատարողներ կան Ռուսաստանում և ազատ աշխարհում, ապա Հ1-ի տաղավարում քաղաքական պաստառ պարզողին սատարողներ դժվար թե գտնվեն նույնիսկ Հայաստանում, քանի որ մեզ մոտ շատ քիչ են քաղաքական համոզմունք ունեցողները, ժողովրդին ճշմարտություն ասելու համար զրկանքի պարտրաստ մարդիկ, և շատ են ժողովրդին արհամարհողները, նրա դեմքին մատ ու «չագուճ» թափ տվողները, «պողոս» ու «ժեխ» անվանարկողները։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում