Միտք 4 տարի առաջ - 22:37 09-03-2022

Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակը չնշողը մեր ժողովրդի հետ կապ չունի

Առաջին հայացքից, հնարավոր է, անկարևոր թվա, թե ինչու քաղաքական համայնքն այսօր չի հիշատակում Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100-ամյակը։ Իրականում նրանց անտարբերությունը սպառնալիք է մեր հասարակության և պետության համար։

Լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ԳԽ պատգամավոր, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իշխանությունները ոչ մի խոսք չասացին, հիշատակի միջոցառումներ չկազմակերպվեցին։ Ինչո՞ւ խորհրդարանական ուժերը և քաղաքական համայնքի մեծ մասը չկարևորեցին Իշխանյանի վաստակը և հիշատակի մի քանի խոսք չուղղեցին։

1988-ին սկսված Համաժողովրդական շարժման հանրահավաքներին Ռաֆայել Իշխանյանը, մեծ մասամբ, խոսում էր հայերենի իրավունքների պաշտպանության մասին։ Բայց նրան ճանաչողները գիտեին, որ նրա թեման միայն լեզուն չէր։ 1989-ին հրապարակվեց նրա «Երրորդ ուժի բացառման օրենքը» գրվածքը, որից հետո Շարժման համակիրների շարքերում մեծացավ Հայաստանի անկախության կողմնակիցների թիվը։

«Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հենց հիմա և միշտ մեզ պատկերացնենք մենակ այս հինգ հարևանների դեմ հանդիման։ Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարևանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք և ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն։ Պատրաստ կլինենք։ Կրկնեմ, որ երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը։ Դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, և դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է։ Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի»,- գրել է Ռաֆայել Իշխանյանը։ Մեծ մտավորականը կարծում էր, որ այս «օրենքը» անկախ Հայաստանի քաղաքականության անկյունաքարը կլինի։

Այդպես էլ եղավ։ 90-ականների սկզբին մեր ազգային ձեռքբերումների գաղափարական հիմքը «Երրորդ ուժի բացառման օրենքն» էր։ Անկախության հանրաքվեին «Այո» քվերակողների մի մասն առաջնորդվում էր այդ «օրենքով»։ Սակայն իշխանությունները հետագայում շեղվեցին իշխանյանական ուղուց։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստանում ռուսական ռազմակայան տեղակայեց 25 տարով։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ին վաճառեց Հայաստանի կարևոր ենթակառուցվածքները։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկարացրեց ՀՀ-ում ռուսական ռազմակայան տեղակայելու պայմանագիրը և ռուսական դոմինանտության տակ գործող Մաքսային միություն մտնելու մասին գիշերային որոշում ստորագրեց։ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթին նախորդած և հաջորդած քայլերը բավարար ապացույցներ են, որ նա ևս շեղվել է «Երրորդ ուժի բացառման օրենքից»՝ իրական վտանգներ ստեղծելով պետության և ժողովրդի համար։

Այսպիսով՝ խորհրդարանական ուժերը և քաղաքական համայնքի մեծ մասը, չհիշատակելով Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակը, ցույց են տալիս, որ չեն առաջնորդվում իշխանյանական օրենքով, չեն հարգում ժողովրդի ազատության և հայերենի իրավունքների համար մղած նվիրական պայքարը։ Նրանց հետևում են կրթության և մշակույթի գործիչները, որոնց մեծ մասը գործիք է դարձել քաղաքական թիմերի ձեռքում, կորցրել նախաձեռնությունը, հեռացել արժեքներից։ Եթե այդպես չէ, ապա հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեին Հանրային գրադարանում, ԵՊՀ-ում, Գրականության ինստիտուտում, Ազգային ժողովում։

Կարճ ասած՝ եթե քաղաքական, գիտական, մշակութային ինստիտուտները արժանվույն չեն մեծարում Ռաֆայել Իշխանյանին՝ նրա ծննդյան 100-ամյակի առթիվ, նշանակում է՝ հանրությունն արժեքային հետթընացի և այլասերման փուլում է։ Եվ ով չի հասկանում հոգևոր անվտանգային այս սպառնալիքը, օտար է, մեր պետության և ժողովրդի հետ կապ չունի։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»