Ներքին 4 տարի առաջ - 13:15 08-03-2022

Մեր հայրենակիցների «կրկնակի արտագաղթի» միտումները խորանում են

Oragir.news-ը գրել էր, որ անցած տարի Հայաստանում սեփականություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները, որ առավելապես դրսում ապրող մեր հայրենակիցներն են, օտարում են իրենց գույքն ու փաստացի այրում հայրենիքին կապող կամուրջները, վերջնականապես հեռանում Հայաստանից։ Նյութում բերվում էին վերջին տարվա ցուցանիշներն առ այն, թե Հայաստանում սեփականություն ունեցող քանի օտարերկրյա քաղաքացի է վաճառել իր գույքը և հակառակը՝ քանիսն են ՀՀ-ում սեփականություն ձեռք բերել։ Մինչև 2018թ.-ը ներառյալ՝ յուրաքանչյուր տարի, դրսում ապրող մեր հայրենակիցները մի քանի հարյուրով ավելի գույք են ձեռք բերել Հայաստանում, քան նրանք, որոնք օտարել են այստեղ ունեցած իրենց սեփականությունը։ Համաձայն անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների՝ 2019-ից մինչև 2021 թվականը ներառյալ, պատկերը գլխիվայր շուռ է եկել։ Վերջին երեք տարիներին օտարերկրյա քաղաքացիներն ավելի շատ վաճառում են ՀՀ-ում ունեցած իրենց գույքը, քան այստեղ նոր գույք գնում։ Յուրաքանչյուր տարի այդ տարբերությունը կազմել է մի քանի հարյուր միավոր, որը Հայաստանի համար բավականին մեծ թիվ է։

Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի «անցուդարձին» վերաբերող այս տարվա հունվար ամսվա տվյալները։ Օտարերկրյա քաղաքացի մեր հայրենակիցների «կրկնակի արտագաղթի» միտումները ցավալիորեն գնալով խորանում են։ Մեկ ամսվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում գնել են 105 և վաճառել 190 միավոր անշարժ գույք։ Գնել են 54, վաճառել՝ 89 բնակարան, գնել են 19, վաճառել՝ 39 բնակելի տուն, գնել են 15, վաճառել՝ 52 միավոր հող։ Եվ այդպես շարունակ։ Հասկանալի է, որ նրանք այլևս Սյունիքում ու Վայոց ձորում գույք չեն գնի, իսկ ունեցածներն էլ շարունակում են վաճառել։ Գեղարքունիքում գնել են մեկ միավոր գույք, մինչդեռ վաճառել են 4-ը։ Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանն այլևս հարավում վերջանում է Արարատի մարզով։ Չկա մի մարզ, որտեղ գույքի առուվաճառքի հաշվեկշիռն առքի առումով դրական լինի։ Նախկինում օտարերկրյա քաղաքացիները Երևանից հետո ամենաշատ գույքը ձեռք են բերել Արարատի մարզում։ Այս տարվա հունվար ամսին այս մարզում գնել են 6 միավոր գույք, օտարել՝ 32-ը։ Երևանում գնել են 53 միավոր գույք, վաճառել՝ 64-ը։ Հավելենք, որ Երևանում 106 միավոր գույք էլ դրսի մեր հայրենակիցները վաճառել են 2021թ.-ի դեկտեմբերին, նույն ժամանակահատվածում Արարատի մարզում գնել են 2 միավոր գույք, օտարել՝ 46-ը։

Ինչ է ցույց տալիս այս պատկերը։ Մի կողմից՝ չկա վստահություն երկրի վաղվա օրվա նկատմամբ, և մարդիկ իրենց ապագան այլևս որևէ կերպ չեն տեսնում այստեղ։ Մյուս կողմից՝ նրանց հեռանալով զբոսաշրջության ոլորտում անկումը խորանալու է, դրամական հոսքերը նվազելու են, իսկ ամենակարևորը՝ Հայաստանի հանդեպ բացասական վերաբերմունք է ձևավորվելու նաև սեփականությունն օտարող, հեռացողների շրջապատում։

Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից