Ներքին 4 տարի առաջ - 20:47 25-02-2022

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Դրանք են՝ փոքր և միջին ձեռնարկատիրության, նորարարությունների, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտները, կրթություն-գիտություն-տնտեսություն կապի հաստատումը:

Հանդիպման ընթացքում որպես հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեցող ոլորտներ՝ Վահան Քերոբյանը նշել է արդյունաբերությունը՝ շեշտադրելով քիմիական արդյունաբերությունը և տեղեկացրել, որ Հայաստանում կան նաև վերագործարկման կարիք ունեցող շատ գործարաններ։ Կարևորվել է նաև ֆինանսական շուկաների՝ հատկապես գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս պետական ծրագրեր են իրականացվում Հայաստանի հին ավտոպարկը թարմացնելու ուղղությամբ և քննարկվում են Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրության հնարավորությունները։ Նա նաև նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ոլորտի գերմանական առաջադեմ ընկերություններին Հայաստան բերելով։ Այս համատեքստում նախարարը հավելել է, որ Հայաստանում արդեն գործում է «Թրեյդ-ին» համակարգը, որը նոր մշակույթ է Հայաստանի համար և հնարավորություն կտա հին մեքենաները փոխարինել նորերով՝ նպաստելով ավտոպարկի թարմացմանը։

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ արդյունավետ համագործակցությանը։ Նա խոսել է նաև կրեատիվ արդյունաբերության զարգացման մասին և նշել, որ այսօր մեծ ուշադրություն է դարձվում տեքստիլ արդյունաբերության և նորաձևության զարգացմանը Հայաստանում։ Այս համատեքստում նա նաև հետաքրքրություն է հայտնել դիտարկելու «Mercedes-Benz Fashion Week»-ը Հայաստան բերելու հնարավորությունը, ինչը կնպաստի զբոսաշրջության և նորաձևության զարգացմանը։

Դեսպան Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը և նշել, որ Գերմանիան հետաքրքրված է շարունակելու համագործակցությունը բոլոր նշված ուղղություններով և պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին իր որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար։ Նա ասել է նաև, որ, չնայած 2 մեծ շոկերին՝ պատերազմին և Covid 19-ին, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում