Միտք 4 տարի առաջ - 18:25 24-02-2022

Եթե հասունանա ՌԴ մտնելու խնդիրը, ապա պատերազմին կմիանան այլ երկրներ

Պատերազմը, որի մասին շաբաթներ շարունակ զգուշացնում էր ԱՄՆ նախագահը, սկսվեց։ Ռուսաստանը, որը հերքում էր, թե պատերազմ է սկսելու, այսօր, առավոտյան հայտարարեց Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու մասին, և սկսեց ռմբակոծել Ուկրաինայի քաղաքները։ ՌԴ զինված ուժերը ճեղքել են Ուկրաինայի պետական սահմանը Կիևի մարզի հատվածից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը: Պայթյուններ են որոտացել Կիևի Բորիսպոլ օդանավակայանի տարածքում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել դաշինք կազմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Ինչպե՞ս կարձագանքեն ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ազատ աշխարհի մյուս երկրները։ Եվ ուկրաինա-ռուսական պատերազմը կվերաճի՞ համաշխարհային պատերազմի։

Կանխատեսումներ կան, որ եթե ուկրաինա-ռուսական պատերազմը շարունակվի երկու շաբաթից ավելի, ապա այն անխուսափելիորեն կվերաճի համաշխարհայինի։ Մինչ այդ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հնարավոր է, հանդես կգան Ուկրաինային օգնելու համատեղ շտաբ ստեղծելու նախաձեռնությամբ, որը հետո կդառնա միացյալ ուժերի ռազմական գործողությունների համակարգող մարմին։

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ինտենսիվորեն զինել են Ուկրաինային նախընթաց շրջանում։ Կարելի է ենթադրել, որ Ուկրաինան այս պատերազմում զինամթերքի պակաս չունի։ Սակայն Պատերազմի առաջին օրվա զարգացումները և ռուս պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանը շատ լավ է պատրաստվել։ Այս պահին ԱՄՆ-ն և ԵՄ երկրները պատերազմին մասնակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով և Ուկրաինային բարոյական աջակցություն հայտնելով։ Սակայն հաշվի առնելով այն հռետորաբանությունը, որը կիրառվում է Ուկրաինային աջակցության տեքստերում, ենթադրելի է, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների զորքերը ինչ-որ պահի իրապես կմտնեն պատերազմի մեջ։ Բացի այդ՝ կա ենթադրություն, որ Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները զսպելու համար անհրաժեշտ է լինելու պատերազմը վարել Ռուսաստանի տարածքում։ Եվ եթե հասունանա Ռուսաստան մտնելու խնդիրը, ապա այդ ժամանակ պատերազմին կմիանան այլ երկրներ, որպեսզի հաստատեն իրենց իրավունքները հաղթանակից հետո։ Իսկ եթե Ռուսաստանն անզգուշություն ունենա և ռազմական գործողություններ իրականացնի իր երկիր ներխուժած երկրների տարածքում, կիրառելով հեռահար զենքեր, ապա պատերազմը կդառնա համաշխարհային։

Այս ենթադրությունների համատեքստում ուշագրավ է ՌԴ դաշնակից Բելառուսի նախագահի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն ռազմական աջակցություն է խոստացել Մինսկին, եթե Ուկրաինան ներխուժի Բելառուս։ Սա նշանակում է, որ եթե այդ երկիրը փորձի հանձնվել Արևմուտքին, ապա ՌԴ-ն զորք կմտցնի Բելառուս։

Ուշագրավ է նաև այն, որ օրեր առաջ ՌԴ նախագահը հայտարարեց, թե Ուկրաինան միջուկային տեխնոլոգիաներ և նման զենք ստեղծելու միջոցներ ունի։ Այսպիսով՝ ակնարկվեց, որ պատերազմի դեպքում ՌԴ-ն կիրառելու է միջուկային հեռահար հրթիռներ, երբ պատերազմի դաշտում գտնեն Ուկրաինայի կողմից արձակված ու կիսապայթած այդպիսի զենք։ Ահա այս դեպքում պատերազմը կարող է ահավոր կործանարար հետևանքներ ունենալ ամբողջ մարդկության համար։ Սա արդեն այնպիսի մասշտաբ կստանա, որի հետևանքով աշխարհակարգը կփոխվի։ Հետևաբար, աշխարհի մեծ երկրները այս կամ այն կերպ կմասնակցեն այդ պատերազմին, որ նոր աշխարհակարգում բարձր դիրք ունենալու իրավունք վաստակեն։ Իսկ փոքր, ոչ նկատելի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Հայաստանը, առաջիկա օրերին խաղաղության, ողջախոհության կոչեր կանեն և կհայտարարեն, որ չեն մասնակցելու պատերազմին ո՛չ Ռուսաստանի կողմից, ո՛չ Ուկրաինայի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի