Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:07 21-02-2022

Լավ, բա այս հարցը ո՞նց պիտի լուծվի

Մեր իշխանությունները Արցախի հարցին բախվելիս կամացուկ ձայնով ասում են, որ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Իսկ մեր չբարեկամներն ստորագրում են, այսպես կոչված՝ «Շուշիի հռչակագիրը»։ Արցախի խորհրդարանն ընդունում է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, իսկ չբարեկամը սպառնում է «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և միջազգային հետախուզում հայտարարում ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց «Հայաստան» խմբակցության առաջարկը, որով առաջարկվում էր դատապարտել մեր չբարեկամների ընդունած, այսպես կոչված՝ «Շուշիի հռչակագիրը», որը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի գնահատմամբ՝ ՀՀ անկախության դեմ ուղղված փաստաթուղթ է։ Կարելի է կարծել, թե Արցախի հարցն այսօր գտնվում է փոխադարձ հայտարարությունների, հռչակագրերի փուլում, որը կարող է ձգվել այնքան, քանի դեռ կողմերից մեկը խոսքից գործի չանցնի։ Իրականում՝ հարցն այսօր գտնվում է փակուղում։

1988-ի Շարժումն առաջնորդող քաղաքական ուժի համակիրների մեծ մասը և մի շարք լուսանցքային կազմակերպություններ կարծում էին, թե Արցախի հարցը կարող է լուծվել առանց Հայաստանի անկախության, ԽՍՀՄ կազմում, Կրեմլից խնդրել-պահանջելով։ Այդ ճանապարհը տարավ մինչև 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ Հայկական ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին, բայց խնդիրը մնաց բաց։ Արցախի խնդիրը չկարգավորվեց ԽՍՀՄ տիրույթում, չի կարգավորվի նաև ռուս-թուրքական շահերի տիրույթում, անկախ այն բանից՝ ռազմադաշտո՞ւմ են ձգտում դրան, թե՞ սեղանի շուրջ։

Ղարաբաղյան շարժումից 34 տարի անց նույն հարցն է հուզում հայ մարդուն։ Ե՞րբ և ի՞նչպես է լուծվելու Արցախի հարցը։ 44-օրյա պատերազմում կրած դառը պարտության ու կորուստների ցավը թույլ չեն տալիս հանրային քննարկումներ կազմակերպել այս թեմայի շուրջ։ ՀՀ քաղաքական համայնքն այս հարցում ոչ միայն ճանապարհային քարտեզ, այլ նույնիսկ ռազմավարություն չունի։ Այսօր արդեն բոլորն են տեսնում, որ ներկա իրավիճակը բավարարում է Ռուսաստանին, որը Արցախի հարցը համարում է փակված։ Հետևաբար՝ բոլորի համար պարզ է, որ Արցախի հարցի բանալին ռուսների գրպանում չի։ Իսկ որտե՞ղ է։

1991-ից հետո բոլորը միանգամից հասկացան, որ միայն ազատ, անկախ Հայաստանը կարող է պաշտպանել Արցախը, ազատագրել Արցախը, ներկայացնել Արցախը և հասնել Արցախի միավորմանը Հայաստանին։ Առաջին պատերազմը մենք հաղթեցինք, քանի որ Հայաստանում և աշխարհում ոչ ոք չէր կասկածում, որ Հայաստանն անկախ է։ Իսկ 44-օրյա պատերազմի պարտության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում և աշխարհում շատ մարդիկ հիմնավոր կասկածներ ունեին, որ Հայաստանը մտադիր է նահանջել անկախությունից և սպասարկել Մոսկվայի շահերը։ Այս տրամաբանությունը ենթադրում է, որ ինչքան ամրանա Հայաստանի անկախությունը, այնքան կմոտենա Արցախի՝ Հայաստանին միավորվելու բաղձալի օրը։ Իսկ թե որ քայլերն են ամրացնելու ՀՀ անկախությունը, գիտի քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք։

Կա նաև պարտության սցենար։ Եթե քաղաքական համայնքը ՀՀ-ից դուրս՝ այս կամ այն երկրի գրպանում, փնտրի Արցախի հարցի բանալին, ապա Հայաստանի, Արցախի և հայ քաղաքական-պետական գործիչների դեմ գրոհները կշարունակվեն, որոնք մեկը մյուսից սպառնալի են։ Դրանց շարքում կան ամոթալի և զավեշտալի գրոհներ։ Օրինակ՝ բոլորը գիտեն, որ պատերազմի ժամանակ հայկական բանակի համար գնված չեխական զինամթերքն անորակ չի, բայց հանրությունն այդ գործընթացին անկողմնակալ դիտորդի կարգավիճակով է մասնակցում, կարծես չեխական զենք գնելն այնպիսի հանցագործություն է, որի համար պիտի դատեն պաշտպանության նախարարին։ Սա իրոք ամոթալի է։ Իսկ զավեշտալին այն է, որ 44-օրյա պատերազմում պարտության պատասխանատուները կազմավորել են քննիչ հանձնաժողով և փորձում են տեսախցիկով հսկվող «մութ» սենյակում փնտրել պարտության «սև կատուներին», կարծես աշխարհում կան մարդիկ, որոնք իրական մեղավորների հարցում կասկածներ ունեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում