Ներքին 4 տարի առաջ - 23:23 17-12-2021

Հունվարի 1-ից Հայաստանի համար կդադարի գործել Եվրամիության GSP+ ռեժիմը

Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի կարող օգտվել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից, որը Երևանի համար գործում էր 2009թ. հունվարի 1-ից: Մասնավորապես, այս համակարգը ցածր ու ցածր-միջին եկամտով երկրներին թույլ է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ արտահանել Եվրամիության շուկա՝ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Իսկ այսպիսի որոշման պատճառն այն է, որ դեռևս 2012թ. Եվրամիության կողմից ընդունվել էր կանոնակարգ, ըստ որի, եթե երեք տարի անընդմեջ Համաշխարհային բանկը GSP+-ից օգտվող երկրին ճանաչում է միջինից բարձր կամ բարձր եկամուտ ունեցող պետություն, ապա երկիրը զրկվում է Բրյուսելի սահմանած արտոնյալ առևտրային ռեժիմից։ Հայաստանը 4-րդ տարին անընդմեջ Համաշխարհային Բանկի կողմից դասակարգվել է որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։ Դասակարգումները իրականացվում են բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հիման վրա՝ ընթացիկ ԱՄՆ դոլարով, նախորդ տարվա համեմատ։

Սա նշանակում է, որ 2022թ.-ի հունվարի 1-ից ՀՀ-ն կդադարի օգտվել Եվրամիության GSP+ առևտրային արտոնությունից, սակայն կշարունակի գործել MFN դրույքները, որոնք նույնպես նախատեսում են մաքսատուրքերի դրույքների նվազեցում: ՀՀ-ն օգտվում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի GSP համակարգից, ինչպես նաև ԵՄ-ի GSP+ համակարգից՝ ապրանքների արտոնյալ մուտք ունենալով ԵՄ շուկա:

Հայաստանից բացի միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում են ևս 57 երկիր,այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը։ Հայաստանի ցուցանիշը 4200 ԱՄՆ դոլար է, Ռուսաստանինը՝ 10700, Թուրքիայինը՝ 9100, Ադրբեջանինը՝ 4500, իսկ Վրաստանինը՝ 4300։

Հավելենք, որ արտահանման ցուցանիշով Եվրամիությունը Հայաստանի արտահանման երկրորդ խոշոր շուկան է ԵԱՏՄ-ից հետո։ Վիճակագրության համաձայն այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանի արտահանումը Եվրամիություն կազմել է շուրջ կես միլիարդ դոլար կամ հայաստանյան ողջ արտահանման գրեթե 23 տոկոսը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ