Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 21:52 02-12-2021

Ազգային անվտանգությունը նաև մշակութային անվտանգությունն է

Մաս 1

Ցանկացած ժողովուրդ (ազգ, հասարակություն) իր բնակության տարածքը (մեր դեպքում` ազգային պետությունը) պահում-պաշտպանում է երկու ձևով` ֆիզիկական և հոգևոր: Ֆիզիկական ձևը երկրի սահմանը զինվորով և զենքով պաշտպանելն է: Իսկ բնակության տարածքի հոգևոր պաշտպանությունն իրականացնում է մշակույթը, տվյալ հասարակության հավաքական կամքը, հավատարմությունը ազգային արժեքներին և խորհրդանիշներին: Այս իմաստով երկրի հոգևոր պաշտպանությունը պակաս կարևոր չէ ֆիզիկական պաշտպանությունից, որովհետև հենց այդ պաշտպանված մշակույթն է սերունդներին դարձնում հայրենասեր և նվիրյալ: Հետևաբար, ազգային մշակույթը նույնպես կատարում է սահմանապահի դեր: Եթե զինվորը պաշտպանում է երկրի ֆիզիկական տարածքը թշնամու ներխուժումից, ապա մշակույթը պաշտպանում է մարդկանց կյանքի հոգևոր տարածքը մշակութային օտար երևույթներից:

Հայերի պարագայում մշակույթն ավելի մեծ դեր ու նշանակություն ունի, որովհետև պատմության այն մեծ հատվածում, երբ չի եղել հայկական պետություն, հենց մշակույթն է կատարել ազգապահպան գործառույթ` կազմակերպել է մարդկանց կյանքը` լուծելով կրթական, տնտեսական, դիվանագիտական, անվտանգային և այլ հարցեր: Այդպես հնարավոր է եղել նաև իրականացնել հավաքական հիշողության, ազգային գիտակցության և ազգային ինքնության պահպանումն ու փոխանցումը սերունդներին: Դրանով ապահովվել է ազգի և ազգային մշակույթի շարունակականությունը: Դա է պատճառը, որ հայերի՝ որպես մշակութային հավաքական միավորի գոյությունը մեծապես կախված է ոչ թե նրանց ֆիզիկական, այլ առաջին հերթին հոգևոր-մշակութային միասնությունից: Ի վերջո, տարբեր երկրներում ապրող հարյուրհազարավոր հայերին միավորում է ոչ թե տարածքը կամ պետությունը, այլ հայրենիքի միասնական ընկալումը և մշակույթը` լեզուն, պատմությունը, ազգային արժեքները, խորհրդանիշները և այլն:

Հետևաբար մշակույթը, որպես սահմանապահ, պաշտպանում է ժողովրդի (ազգի, հասարակության) կյանքի ներքին հոգևոր ոլորտը, մշակում է մարդկանց այնպես, որ նրանք համապատասխան լինեն բոլոր այն պայմաններին, որոնցում ապրում են, այդ թվում` տարածաշրջանային, ժամանակային, սոցիալական պայմաններին: Հայերի պարագայում ասվածը նշանակում է, որ մեր կյանքի կազմակերպման մշակույթը մեզ սովորեցնում է ապրել մի տարածաշրջանում, որտեղ մենք շրջապատված ենք թշնամի կամ ոչ բարեկամ երկրներով, բայց նաև ունենք օտար մշակույթների հետ հարաբերություններ կառուցելու պատմական հարուստ փորձ, քանի որ հարյուրամյակներով ապրել ենք այլ երկրներում և մշակութային օտար միջավայրերում, սակայն կարողացել ենք պահպանել մեր սեփական մշակույթը և ինքնությունը:

Ուստի, ազգային անվտանգություն ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր անվտանգություն, և եթե ֆիզիկական անվտանգությունն ապահովվում է նույնքան ֆիզիկական միջոցներով, ապա հոգևոր անվտանգությունն ապահովվում է սեփական ազգային մշակույթով: Որքան արժևորված են տվյալ մշակույթում ազգային իդեալները և խորհրդանիշները, որքան ավելի մեծ իմաստ են տեսնում մարդիկ դրանց ձգտելու և իրացնելու մեջ, այդքան ավելի ամուր է ազգային մշակույթը և ապահովված է հասարակության հոգևոր-մշակութային անվտանգությունը: Սա, թերևս, լավ են հասկանում Հայաստանի թշնամիները, որոնք գործող իշխանության միջոցով ոչ միայն խոցելի են դարձնում երկրի ֆիզիկական սահմանները, այլև փորձում են կոտրել մշակութային պատնեշները` խորհրդանիշները, արժեքները և իմաստները, զրկելով մեզ նաև մշակութային անվտանգությունից:

շարունակելի

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ