Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:14 29-11-2021

Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Երևանում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հերթական խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի մասնակիցները կենտրոնացել են 2020-ի պատերազմից հետո Արցախի հիմնախնդրի շուրջ և ընդհանուր տարածաշրջանում ձևավորված նոր իրավիճակի և այն նոր մարտահրավերների վրա, որոնց առերեսվել է հայ ժողովուրդը անվտանգության և արտաքին քաղաքականության համատեքստում:

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը իր բացման խոսքում ցավով արձանագրեց, որ Հայաստանն ու հայությունը վերջին պատերազմում կրած պարտությունից հետո կորցրել են անխոցելիության այն զգացումը, որ ձեռք էին բերել Հայաստանի անկախացման և Արցախի ազատագրմանը հանգեցրած 1988-ի Արցախյան համազգային շարժումից հետո:

«Դրանք ընդհանուր խանդավառության տարիներ էին: Բոլորս էլ լծվեցինք աշխատանքի: Դուք դրա ոչ միայն ականատեսներն եք, այլև գործի կիրարկման մասնագետները: Եվ այդ ուղղությամբ աշխարհով մեկ մենք ունեցանք այդ զգացումը, թե հայկական դարաշրջան է բացվում մեր առջև: Այդ պատճառով էլ, անշուշտ, ծանր էր Արցախյան երկրորդ պատերազմի ահավոր ցավը, վիշտը, որովհետև մենք հեռացանք այդ անխոցելիության զգացումից: Բնական է, որ այս կացության մեջ մենք՝ Հայ Դատի հանձնախմբի այս ցանցը, անմիջապես հավաքվեցինք և քննեցինք, թե այս պատերազմի ընթացքում և պատերազմից հետո ի՞նչ հատուկ մարտավարական ճշգրտումներ են հարկավոր, որպեսզի առաջ տանենք մեր աշխատանքը: Թափը չկասեցվեց: Դուք շատ լավ գիտեք, որ պատերազմի ընթացքում Դաշնակցությունը տրամադրեց իր ամբողջ ներուժը պետությանը», - հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ Հայ Դատի հանձնախմբերի գործունեության հիմնական ոլորտները չորսն են: Առաջին ոլորտը Հայրենիքի իրազեկման աշխատանքներն են, դրսում Հայաստանի պետականության ամրապնդման լոբբինգի աշխատանքներն են, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչման աշխատանքներն են: Երկրորդը դասական Հայ Դատի ոլորտն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման թղթածրարը: Երրորդը հայության իրավունքների պաշտպանության խնդիրն է հայրենի հողի վրա և ամբողջ աշխարհում՝ որտեղ էլ որ լինեն: Եվ չորրորդը սփյուռքահայության մեջ հայ երիտասարդության քաղաքականացման խնդիրն է:

«Բնականաբար, սգո և հուսահատության էջը մեզ համար վաղուց փակված է, աշխատանքը երբեք չի ընդհատվել, և հիմա հավելյալ թափով կնետվենք առաջ», - հավելեց Դաշնակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչը:

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն էլ փաստեց, որ Քառասունչորսօրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները զգալիորեն փոխել են ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, և ստեղծված վիճակը պահանջում է Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում կատարել և դրա վրա կառուցել առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները:

Ռուստամյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգը Մեծ Թուրանի գաղափարով թուրքական երկրները համախմբելու և հնարավորինս արագ այս պատերազմից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնություններն են: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի դա բացառելը:

«Եթե մինչև այս պատերազմը հայության և մասնավորապես Հայ դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանակի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է: Այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող երկրի գահավիժող ընթացքը՝ մատնանշելով այն կարմիր գիծը, որից այն կողմ կատարված որևէ նահանջ ու զիջում, ըստ էության, հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ