Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:50 10-11-2021

Հայ 6 հոգևորական շարունակում է մեկուսացած մնալ Դադիվանքում, իսկ հայ ուխտավորները դեռևս չեն կարողանում մտնել վանական համալիր

Հայ 6 հոգևորական շարունակում է մեկուսացած մնալ Դադիվանքում, իսկ հայ ուխտավորները դեռևս չեն կարողանում մտնել վանական համալիր:

Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ հոգևորականները դեռևս մարտից մեկուսացած են Դադիվանքում, նրանց հետ են նաև ռուս խաղաղապահները:

Տեր Վրթանեսի խոսքով՝ հոգևորականները մեկուսացած են անվտանգային խնդիրներից ելնելով, ինչպես զրուցակիցը նշեց՝ «դուրս գան, ո՞ւր գնան, չորս բոլորն ադրբեջանցիներ են»։

«Մեկուսացած են, որովհետև այդպես է այսօրվա իրավիճակը, վանքը այժմ գտնվում է օտարի տարածքում: Հոգևորականները բանտարկված չեն, իրենք հոգևոր ծառայության մեջ են,վանքի տարածքից դուրս չեն գալիս, անգամ խաղաղապահները դուրս չեն գալիս: Դուրս գան, ո՞ւր գնան, չորս բոլորն ադրբեջանցիներ են: Բայց, անշուշտ, եկեղեցին հարմար է և պատշաճ»,- ասաց տեր Վրթանեսը:

Արցախի թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ հայ ուխտավորներն անգամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ չեն կարողանում մտնել Դադիվանք։

«Ադրբեջանը մերժում է, թույլ չի տալիս, մինչև երբ են մերժելու՝ կտեսնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբվանից Դադիվանքը կշարունակի ընդունել հայ ուխտավորներին:

Տեր Վրթանեսը նաև հայտնեց, որ ռուսական կողմի հետ հաճախակի է հանդիպումներ ունենում, վերջերս հանդիպել է ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ, միասին այցելել են Դադիվանք: Հանդիպումների ընթացքում մշտապես քննարկվում է հայ ուխտավորների Դադիվանք մուտքի հարցը։

«Ռուսական կողմն էլ է կողմնակից, ես էլ եմ կողմնակից, բոլորս ենք ուզում, որ հայ ուխտավորները կարողանան գնալ Դադիվանք, ռուս խաղաղապահներն էլ միանշանակ կողմ են»,- ասաց Տեր Վրթանեսը:

Ըստ նրա՝ խնդրի լուծումն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնեն խնդրի մասին։

«Վերջերս Մոսկվայում հանդիպում եղավ Վեհափառի և կրոնապետերի մասնակցությամբ,այս հարցը ևս բարձրացվել է, տեսնենք՝ եթե շարժ լինի, ուրեմն ի ուրախություն բոլորիս, եթե ոչ, կնշակի՝ սա լուրջ խնդիրն է: ՌԴ նախագահն է այս ձևաչափը դրել,եթե չեն կատարում, նշանակում է, որ Ադրբեջանը չի ընդունում ՌԴ նախագահի ասածը»,- ասաց եպիսկոպոսը:

Տեր Վրթանեսը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ ադրբեջանցիները Դադիվանքի ուխտագնացությունների դիմաց հայկական կողմից առաջարկ են արել։

«Իրենք գուսան ունեն, որի ծննդավայրը գտնվում է Արցախի տարածքում, ադրբեջանցիներն ուզում են փոխադարձ այց կազմակերպել՝ իրենք գնան գուսանի շիրիմին, մերոնք էլ գնան Դադիվանք, այսպես ասած՝ բարտեր լինի: Ադրբեջանցիներն են սա առաջարկել, մենք էլ ասել ենք, որ դեմ չենք, իրենք ճանապարհ էլ են կառուցել, բայց հետո դադարեց այս խոսակցությունը»,- ասաց նա:

Զրույցի վերջում տեր Վրթանեսը հույս հայտնեց, որ այս հարցը շուտով կլուծվի և Դադիվանքը կրկին կընդունի հայ ուխտավորներին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի