Ներքին 4 տարի առաջ - 22:08 29-10-2021

Վարչապետն առանձին հանդիպումներ է ունեցել Sada և Service Titan ընկերությունների ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի և Service Titan ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանի հետ:

Վարչապետը երկու հանդիպումների ընթացքում էլ կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերը նշված ընկերությունների գործունեությունը և ընդգծել, որ այս բնագավառը կառավարության առաջնահերթությունների թվում է: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգիռ է ՏՏ ոլորտի ընկերությունների զարգացմամբ, նոր ներդրումների արդյունքում վերջիններիս ընդլայնմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ պատրաստ է նման հանդիպումների ընթացքում քննարկել ընկերություններին հետաքրքրող հարցերը, խնդիրներն ու կառավարության գործիքակազմերի շրջանակում վերջիններիս համապատասխան օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները:

Հովիգ Սաֆոյանն անդրադառնալով Sada ընկերության գործունեությանը՝ նշել է, որ Հայաստանում գործող ընկերության մասնաճյուղն այժմ ունի 30 աշխատակից, սակայն նախատեսում են առաջիկայում նոր ներդրումային ծրագրերի արդյունքում այդ թիվը հասցնել 350-ի: Նա հավելել է, որ ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Google-ի հետ, մշակում տարբեր ծրագրային նոր լուծումներ, նաև՝ կրթության ոլորտում: Պարոն Սաֆոյանը նշել է, որ մասնավորապես, կրթության ոլորտի համար նախագծված պլատֆորմը, որը մշակվել է Google-ի հետ համագործակցությամբ և ներդրվել տարբեր երկրների կրթության համակարգերում, պատրաստ է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ներդնել նաև Հայաստանում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախաձեռնությունը և նշել, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին վերջինիս հետ քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

Service Titan ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանը մանրամասներ է ներկայացրել ընկերության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Նա նշել է, որ ընկերության հայաստանյան գրասենյակը, որը հիմնադրվել է 2018 թվականից, արդեն իսկ ունի 200 աշխատակից, ՀՀ-ում իրականացված ներդրումների ծավալը հասել է 40 մլն դոլարի: Պարոն Մահդեսյանն ընդգծել է, որ հայաստանյան թիմը շարունակաբար ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ՝ նոր մասնագիտացումներով, իսկ ներդրումային նախագծերը շարունակաբար զարգանալու են: Ծրագրերն ուղղված են ընկերության շարունակական աճի, պրոդուկտի բարելավմանը, լավագույն մասնագետների պատրաստմանն ու ներգրավմանը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Service Titan-ի հաջող գործունեությունը և հավելել, որ ինչպես այս ընկերությունը, այնպես էլ ոլորտում հաջողություններ արձանագրող մյուս կազմակերպությունները նպաստում են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը: Այս առումով, կառավարության ղեկավարը կարևորել է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերջիններիս երկարաժամկետ գործունեությունը Հայաստանում իրականացնելուն ուղղված քայլերը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը