Արտաքին 5 տարի առաջ - 09:35 04-10-2021

Օֆշորային ֆայլերի արտահոսքը լույս է սփռել համաշխարհային առաջնորդների գաղտնի հարստության վրա. Pandora Papers

Աշխարհի հարյուրավոր առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի գործարքների և ոչ տեսանելի կարողությունների մասին հանրությանը հայտնի են դարձել պատմության մեջ ֆինանսական փաստաթղթերի ամենամեծ արտահոսքի շնորհիվ: Նոր օֆշորային դոսյեն ստացել է «Pandora Papers» անվանումը:

Փաստաթղթերի արտահոսքը տեղի է ունեցել, մասնավորապես, Բրիտանական Վիրջինյան կղզիներում և Կիպրոսում, Պանամայում, Բելիզում, Սինգապուրում, ԱՄԷ-ում և Շվեյցարիայում գործող ընկերություններից:

Հիմնական բացահայտումներից մեկը հայտնի և հարուստ անձանց կողմից Մեծ Բրիտանիայում անշարժ գույք գնելու մասշտաբն էր՝ գաղտնի, բայց լիովին օրինական օֆշորային սխեմաների միջոցով: Արտահոսքը տեղեկություններ է պարունակում տվյալ նպատակով օգտագործված 95 հազար ընկերությունների մասին:

Ահա ընդամենը մեկ օրինակ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը մեղադրվում էր սեփական երկիրը կողոպտելու մեջ: Pandora Papers-ը մատնանշում է, որ Ալիևներն ու նրանց մտերիմները Մեծ Բրիտանիայում ներգրավված են եղել ավելի քան 400 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար) արժողությամբ անշարժ գույքի հետ կապված գործարքներում: Ալիևների որոշ գործարքների պատճառով բրիտանական իշխանությունները ստիպված կլինեն «կարմրել»: Օրինակ, Ադրբեջանի առաջին ընտանիքը, ըստ երևույթին, ավելի քան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ է վաստակել՝ վաճառելով իր շենքերից մեկը Crown Estate-ին: Այն տասնյակ միլիարդավոր ֆունտ ստեռլինգ արժողությամբ անշարժ գույքի և հողերի կայսրություն է, որը պատկանում է թագուհուն, սակայն կառավարվում է ելնելով նրա հպատակների շահերից:

Pandora Papers-ն ապացույցներ է ներկայացնում, թե ինչպես է Ադրբեջանի առաջնորդ Ալիևի ընտանիքը Մեծ Բրիտանիայում որպես սեփականություն ձեռք բերել 17 անշարժ գույք, այդ թվում՝ 33 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ գրասենյակային շենքը իր 11-ամյա որդու՝ Հեյդարի համար: Լոնդոնի ամենաթանկ Մեյֆեր թաղամասում գտնվող շենքը գնվել է 2009թ.-ից նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող Mallnick Holdings ընկերության կողմից: Մեկ ամիս անց սեփականության իրավունքը վերագրանցվել է Հեյդարին: Հրապարակված ֆինանսական փաստաթղթերի վերլուծությունից նաև պարզվել է, որ Ալիևների ընտանիքը 2018թ.-ին 66 միլիոն ֆունտ ստեռլինգով Crown Estate-ին է վաճառել մոտակայքում գտնվող մեկ այլ գրասենյակային շենք: Crown Estate-ից հայտնել են, որ գործարքից առաջ կատարվել են օրենքով նախատեսված բոլոր ստուգումները, իսկ այժմ կրկին ստուգումներ են իրականացվում:

Փաստաթղթերը, ի թիվս այլ բաների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը կապում են Մոնակոյի գաղտնի ակտիվների հետ և ցույց են տալիս, որ Չեխիայի վարչապետ, մագնատ Անդրեյ Բաբիշը, որը մեկ շաբաթից պետք է ընտրությունների մասնակցի, չի հայտարարագրել օֆշորային ընկերությունը, որի միջոցով Ֆրանսիայի հարավում երկու առանձնատուն է գնվել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը