Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:00 29-09-2021

44-օրյա պատերազմից հետո 7000 շահառու ուսանող ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստացել շուրջ 7000 ուսանող, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Նրանցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է, և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մարտական գործողությունների մասնակից են, զորացրվել են ամռանը և այժմ պետք է վերականգնեն իրենց ուսանողական իրավունքները:

ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրված նախնական տվյալների համաձայն` մարտական գործողությունների մասնակից մոտ 1200 ուսանող, որոնք ժամանակին հրամանագրվել և բուհի հետ պայմանագիր են կնքել, սեպտեմբերից վերականգնել են ուսանողական իրավունքները և կարող են դառնալ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շահառու` մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան բուհ:

Նրանք էլ, որոնք բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել են բուհ կամ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, սակայն չեն հրամանագրվել (կցագրված ուսանողներ), ծրագրի շահառու դառնալու համար նախ պետք է հրամանագրվեն համապատասխան բուհի կամ ՄԿՈՒ հաստատության կողմից: ԿԳՄՍ նախարարության հավաքագրած նախնական տվյալներով՝ կցագրված, այսինքն՝ մինչև բանակ զորակոչվելն ընդունված, սակայն չհրամանագրված առաջին կուրսեցիների թիվը շուրջ 150 է:

ԿԳՄՍ նախարարությունը վերջին օրերին ստանում է բազմաթիվ զանգեր, որ բուհերը հրամանագրելու համար առաջին կուրսերի բոլոր ուսանողներից, այդ թվում՝ նաև մարտական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը: ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը, պարզաբանելով խնդիրը, նշում է, որ հրամանագրվելու և ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ուսման վարձի որոշակի մասը վճարել:

«Բուհերը, հաշվի առնելով օրենքի պահանջը, բոլոր առաջին կուրսեցիներից կարող են ուսման վարձի վճարումներ պահանջել, ինչը և արվել է: Այն գումարը, որն այժմ նրանք կվճարեն, փոխհատուցման ծրագրի շահառու դառնալուց հետո կդիտվի որպես երկրորդ կիսամյակի վարձավճար»,- նշում է Լուսինե Գրիգորյանը:

Ընդգծելով, որ վճարած գումարը հետագայում որպես հաջորդ կիսամյակի համար վճարված վարձ է դիտվելու, վարչության պետի տեղակալը վստահեցնում է, որ առաջին կուրսեցիները հրամանագրվելու համար կարող են վճարել մեկ ամսվա գումար (մեկ կիսամյակի վարձը բաժանած տվյալ կիսամյակի ամիսների վրա): Կա նաև հետվերադարձի մեխանիզմ` այն դեպքում, երբ ուսանողը հետագայում չի շարունակի ուսումնառությունը կամ կստանա անվճար կրթության իրավունք որևէ այլ հիմքով:

Լուսինե Գրիգորյանի խոսքով` պետությունը մարտական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, որն իրականացվելու է լիովին: Ուսումնառության հետագա ընթացքում ևս մարտական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններ են նախատեսված, ինչն ամրագրված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ: Կախված առաջադիմությունից` ըստ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) միավորի, նրանք կարող են ստանալ 50-70 տոկոս զեղչ: ՄՈԳ-ի միավորների բարձրացմանը զուգահեռ՝ զեղչի տոկոսները կավելանան: Համապատասխան կարգն այժմ հաստատման փուլում է, ընդունվելուց հետո այն տարածվելու է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Միաժամանակ հաշվի առնելով, որ 2020 թվականին բանակ զորակոչվածները դեռ չեն զորացրվել, մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցման ծրագիրը կշարունակվի նաև 2022 թվականին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ