Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:34 25-09-2021

Ալեքսանդր Սպենդիարյանի գործունեությանը վերաբերող բացառիկ իրերը ներկայացվեցին մեկ ցուցահանդեսում

«Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» ցուցահանդեսում ընդգրկված են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաները, գրականությունը, սկավառակները, ձայնապնակներն ու հայաստանյան, արտասահմանյան համերգների ազդագրերը: Ցուցանմուշներն ընդգծում են Սպենդիարյանի արժեքը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում:

«Այս ցուցահանդեսը միտված է մեր հարուստ մշակութային ժառանգությունը ևս մեկ անգամ ներկայացնելուն, արժևորելուն»,-ասաց Ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:

Նա շեշտեց, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում: Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն միջոցառումներից է, որին մասնակցում են բազմաթիվ երկրներ. կազմակերպվում է 70 հազար միջոցառում՝ ապահովելով մոտ 30 մլն այցելու: «Արդեն երկու տասնամյակ է, որ Հայաստանը միացել է այս նախաձեռնությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամեն տարի բազմաբնույթ միջոցառումներ է իրականացնում՝ ուղղված հասարակության կողմից եվրոպական ժառանգության մասին իրազեկվածության բարձրացմանը, որի կարևոր մասն է հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը»,-ընդգծեց Ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչը:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն էլ հիշեցրեց, որ տարին սպենդիարյանական է, քանի որ նշվում է մեծ կոմպոզիտորի 150-ամյակը: «Հոբելյանին կազմակերպված միջոցառումները ոչ միայն համերգային են, այլև ունեն գիտական, հրատարակչական և այլ ուղղվածություն, իսկ այսօրվա ցուցադրությունն ընդգծում է Սպենդիարյանի ժառանգության եվրոպական նշանակությունը, որովհետև նրա ոչ միայն ստեղծագործությունները, այլև նրա կյանքն ու կենցաղն են կրում եվրոպական արժեքներ, որոնք Սպենդիարյանը սինթեզեց մեր ազգային արժեքների հետ և կարողացավ ցույց տալ, թե ինչ բարձր կարող է լինել եվրոպական և արևելյան արժեքների համակեցության արդյունքը»,-ասաց Օթարյանը:

Տուն-թանգարանի տնօրենը հավաստիացրեց, որ տարվա ընթացքում իրականացվող միջոցառումների ընթացքում դեռ շատ բան կարող ենք բացահայտել Սպենդիարյանի կյանքից: «Նոյեմբերի 1-ին պատրաստվում ենք նշել կոմպոզիտորի ծննդյան օրը: Մինչ այդ համերգներ և դասախոսություններ, ցուցահանդես կկայանա Լոնդոնում, հետո՝ Վրաստանում, այնուհետև Հայաստանում: Գիտական նստաշրջան է սպասվում Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, որից հետո դասական համերգ կլինի Գյումրիում»,-տեղեկացրեց Օթարյանը:

Նրա խոսքով՝ հատկապես այս ծանր օրերին մեր ազգային արժեքները գնահատելն ու դրանցով առաջնորդվելը չափազանց կարևոր է:

Ցուցադրությունը կգործի երկու օր:

Միջթանգարանային համագործակցության շրջանակներում ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին