Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 20:22 10-09-2021

Ո՞ւմ է պարտվելու Ն. Փաշինյանը

ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական վերջին ընտրություններին մասնակցած մարդկանց քվեների մեծամասնության շնորհիվ Ն. Փաշինյանի կուսակցությունը ստացավ ԱԺ-ում տեղերի մեծ մասը և կառավարություն կազմելու հնարավորություն: Բայց քանի դեռ այդ ընտրությունները համակողմանի չեն վերլուծվել, և չեն տրվել մի շարք հարցերի պատասխաններ` ինչո՞ւ ապազգային, հակաղարաբաղյան գաղափարախոսության կրող Ն. Փաշինյանը ստացավ ավելի շատ ձայն, քան ընտրություններում հաղթելու մեծ փորձ ունեցող Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը, քարոզարշավի ընթացքում վերջիններս ի՞նչ սխալներ թույլ տվեցին, որ պարտվեցին, և այլն, հնարավոր չի լինելու հասկանալ, թե հաջորդ ընտրություններում ով և ինչի շնորհիվ պարտության կմատնի Ն. Փաշինյանին:

Վերջին ընտրություններում, որոնք անցան կապիտուլյացիա ստորագրելուց և տարածքներ զիջելուց հետո, Ն. Փաշինյանի «հաղթանակը» պայմանավորված էր մի քանի գործոններով: Հասարակության հիշողության մեջ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը դեռևս մնացել են որպես կոռումպացված և անարդյունավետ ղեկավարներ, ինչը թույլ չտվեց ընտրողներին իրենց ձայնը տալ նրանց: Այլ կերպ ասած, ընտրողները չկարողանան հաղթահարեն Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի նկատմամբ կուտակված ատելությունը և քվեների մեծ մասը տվեցին Ն. Փաշինյանին, որի նկատմամբ հանրության մեծ մասի մոտ այդ աստիճան ատելություն դեռևս չէր ձևավորվել: Պատերազմից հետո կապիտուլյացիա ստորագրած, ապազգային և հակապետական քաղաքականություն իրականացնող և հեղինակություն չունեցող անձը ոչ միայն չպետք է ստանար ձայների մեծ մասը, այլ առհասարակ չպետք է անցներ խորհրդարան, բայց իրար գումարվեցին Հայաստանի նախորդ երկու ղեկավարներից մնացած վատ հիշողությունը և Ն. Փաշինյանի դատարկախոս, բայց պերճախոս քարոզչական ելույթները, ինչն էլ ստեղծեց նման արդյունք: Կարելի է ասել, որ Ն. Փաշինյանի «հաղթանակում» նախորդ երկու նախագահներն ավելի շատ ներդրում ունեցան, քան ինքը Փաշինյանը, և իրավացի էին բոլոր նրանք, ովքեր ասում էին, որ եթե Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանն իրենց թիմերով առհասարակ չմասնակցեին ընտրություններին, Ն. Փաշինյանը շատ ձայն չէր ստանա: Դա ապացուցվեց քարոզարշավի ընթացքում, քանի որ Ն. Փաշինյանի ելույթների գլխավոր թեման նախկիններն էին: Հակառակ դեպքում, եթե նրանք չմասնակցեին, Ն. Փաշինյանը պարզապես բան չէր ունենա առաջարկելու ընտրողին:

Եթե նույն հարցը քննարկենք «իշխանություն» և «հեղինակություն» հասկացությունների միջոցով, ապա կստանանք հետևյալ պատկերը. Ն. Փաշինյանն ընտրությունների ընթացքում ուներ ավելի շատ իշխանություն, քան հեղինակություն, բայց Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը ո´չ իշխանություն ունեին, ո´չ էլ հեղինակություն: Այս պահին Ն. Փաշինյանի հեղինակությունը սրընթաց անկում է ապրում, ինչը բնական է և պայմանավորված է պատերազմին առնչվող անպատասխան բազմաթիվ հարցերի առկայությամբ, ՀՀ տարածքի սահմանամերձ որոշ հատվածներ թշնամուն զիջելու վարչապետի պատրաստակամությամբ, ՀՀ պետական գրեթե բոլոր ինստիտուտների աշխատանքն իր կամքին ենթարկեցնելու փաստով, համավարակի դեմ անարդյունավետ պայքարով և այլն: Կարող ենք փաստել, որ այս պահին Ն. Փաշինյանն ունի իշխանություն, բայց չունի հեղինակություն: Այն վերականգնելու համար նա պետք է դրական, կառուցողական, համապետական նշանակության աննախադեպ ինչ-որ բան անի, բայց հասկանալի է, որ ստեղծված պայմաններում նման որևէ բան չի սպասվում: Փոխարենը Ն. Փաշինյանն ընտրել է ճանապարհներ վերանորոգելու, ընդդիմադիրներին և նախկիններին բռնելու-բաց թողնելու «քաղաքականությունը», որով իբր պետք է պահպանի իր չեղած հեղինակությունը: Ի դեպ, նա մեծ տեղ է տալիս ճանապարհների ասֆալտապատման ու երթևեկության կարգավորմամբ զբաղվող նոր համակարգի ներդրման (այս պահին երկրի համար տասներորդական նշանակություն ունեցող) հարցերին հիմնականում այն պատճառով, որ Հայաստանի և հատկապես մայրաքաղաքի բնակչության մեծ մասն ամեն օր օգտվում է ճանապարհներից և զգում երթևեկության կարգավորման անհրաժեշտություն: Այսինքն, այս հարցում նույնպես Ն. Փաշինյանն առաջնորդվում է պոպուլիզմով` լավ իմանալով, որ մարդիկ իրենք իրենց կխաբեն` ասելով, որ ճանապարհներն ասֆալտապատ են, երթևեկությունը կարգավորվում է, հետևաբար Ն. Փաշինյանն աշխատում է:

Իշխանության, թե հեղինակության վրա հիմնվելու երկընտրանքը Ն. Փաշինյանի պարագայում լուծվել է հօգուտ իշխանության. նա ունի իշխանություն, բայց չունի հեղինակություն: Նա նաև չի կարող այլևս ունենալ հեղինակություն, եթե հաշվի առնենք այն կենսական հիմնահարցերը, որոնց առջև կանգնել է մեր երկիրը նրա պատճառով: Պատերազմի շոկից ուշքի եկող հասարակությունը հետևողականորեն հիշելու և հիշեցնելու է նրան չիրականացրած խոստումների, նախկիններին քննադատելու, բայց պատասխանատվության կանչելու անկարողության և բազմաթիվ այլ ճակատագրական սխալների մասին: Այս պայմաններում դժվար է պատկերացնել, որ Ն. Փաշինյանն իր թիմով կարող է մնալ իշխանության մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ, հատկապես եթե հաշվի առնենք տարածաշրջանային սպասվող զարգացումները, որոնցում Հայաստանին և Արցախին դրական որևէ բան չի սպասվում:

Հետևաբար, ԱԺ հաջորդ և ամենայն հավանականությամբ` կրկին արտահերթ ընտրություններին Ն. Փաշինյանը մասնակցելու է հեղինակազուրկ և իշխանությունը բռնազավթած գործչի կարգավիճակում: Նրա հետ պայքարում հաղթելու առավել մեծ հավանականություն կունենա այն քաղաքական ուժը կամ գործիչը, որը կունենա մեծ հեղինակություն: Եվ քանի որ նախկին և ներկա քաղաքական ուժերից ոչ մեկն այս պահին չունի այդ հեղինակությունը, խորհրդարանական հաջորդ ընտրություններում հաղթելու մեծ շանսեր կունենան նոր քաղաքական ուժերը, որոնք մինչ այդ կկարողանան ձեռք բերել հանրային վստահություն և հեղինակություն:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ