Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:27 07-09-2021

Ալեն Սիմոնյանի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուիի հանդիպմանը քննարկվել է նաև Կիպրոսի հիմնահարցը

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Անդրադառնալով հայ-կիպրական ամուր բարեկամությանը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այն պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգեւոր եւ մշակութային արժեքների ընդհանրություններով եւ գրեթե նույն ճակատագրով:

Փաստելով երկու երկրների միջեւ առկա գերազանց միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունները վերջին տարիներին երկկողմ ջանքերի շնորհիվ որակապես նոր՝ առավել գործուն մակարդակի վրա են բարձրացվել: Նա գործընկերոջը վստահեցրեց, որ Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վերաձեւավորումից հետո առավելագույն ջանքեր կուղղվեն՝ ծավալելու դինամիկ եւ արդյունավետ համագործակցություն երկու հանձնաժողովների միջեւ:

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցության նախաձեռնությունը, որը բացում է կողմերի միջեւ բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման նոր հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ ձեւաչափում: Անդրադառնալով նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում Կիպրոսի հետ փոխգործակցության առաջնահերթությանը՝ Ալեն Սիմոնյանը կարեւորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը: Քննարկմանը կողմերն անդրադարձան Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային: ԱԺ նախագահը երախտագիտություն հայտնեց բարեկամ Կիպրոսին սկզբունքային դիրքորոշման եւ Արցախի ժողովրդին աջակցության համար՝ մասնավորապես շեշտելով Կիպրոսի կառավարության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակությունը:

Գործընկերները զրույց ծավալեցին նաեւ Կիպրոսի հիմնահարցի եւ Թուրքիայի կողմից երկխոսությունը խաթարող գործողությունների շուրջ: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը վերահաստատեց Հայաստանի մշտական աջակցության ցուցաբերումը Կիպրոսին միջազգային կազմակերպություններում՝ նշելով բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ազգային ժողովի նախագահը փաստեց, որ Կիպրոսը կարող է ապավինել Հայաստանի անվերապահ աջակցությանը իր պայքարում՝ հանուն եղբայրական Կիպրոսի արդարության վերականգնման, հայրենիքի ազատության եւ վերամիավորման:

Շնորհակալություն հայտնելով բարի խոսքերի համար՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը եւս կարեւորեց երկու երկրների միջեւ ամրապնդված տարիների սերտ կապերը: Նա երախտագիտություն հայտնեց Կիպրոսի խնդրի վերաբերյալ Հայաստանի ցուցաբերած աջակցության համար՝ շեշտելով, որ Թուրքիայի հետ վեճի լուծումը միայն օրինական ճանապարհով է լինելու:

Նա անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւերին, որոնցում արձանագրված են Ադրբեջանի կողմից տեղի ունեցած խախտումները եւ Թուրքիայի կողմից անընդունելի, անօրինական գործողությունները: Հանդիպման ավարտին կողմերը փաստեցին երկկողմ, եռակողմ, ինչպես նաեւ բազմակողմանի հարաբերությունների կարեւորությունը եւ փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը