Ներքին 5 տարի առաջ - 15:04 16-08-2021

Հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են․ Արմեն Գրիգորյան

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումն Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ: Նա մասնավորապես ասել է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Պատիվ ունեմ հյուրընկալելու Ուրուգվայի իմ գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին, որը գտնվում է Հայաստանում պաշտոնական այցով։ Այս այցը վերահաստատում է հայ-ուրուգվայական ջերմ հարաբերությունները եւ բարեկամական ամուր կապերը: Հաջորդ տարի Հայաստանը եւ Ուրուգվայը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այդ համատեքստում մենք այսօր բովանդակալից զրույց ունեցանք անցյալի ձեռքբերումների, ներկա հնարավորությունների ու ապագա հեռանկարների մասին:

Իհարկե, բարեկամ Ուրուգվայի հետ մեր ավանդական համագործակցությունը, հայ եւ ուրուգվայցի ժողովուրդների կապերն առավել ընդգրկուն պատմություն ունեն։ Մենք հիշում ենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը 1965թ․ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչով վերահաստատեց համամարդկային արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների ջատագովի իր համբավը:

Գիտեք նաեւ, որ Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ուրուգվայի հյուրընկալ հողում։ Իսկ ուրուգվայահայ համայնքը, որը մշտապես եղել է Ուրուգվայի պետության հոգածության ներքո, իր ավանդն է բերում այդ երկրի զարգացման գործում՝ մեր երկրների հարաբերություններում կատարելով նաեւ յուրօրինակ կամրջի դեր։

Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը եւ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը։
Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը եւ Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի եւ ուրուգվայցիների միջեւ շարունակաբար ամրապնդվող արժեքային եւ աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ցավոք, Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքները դեռեւս ամբողջովին չեն հաղթահարվել։ Հայաստանը եւ Արցախը բախվում են անվտանգային խնդիրների, դեռեւս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները եւ քաղաքացիական պատանդները։ Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների եւ, իհարկե, Ուրուգվայի համերաշխության վրա։

Այսօրվա մեր հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Հաճախակի են փոխայցելությունները, տարբեր մակարդակի շփումները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում, եւ մեր տեսակետները համաշխարհային օրակարգի կարեւոր հարցերի շուրջ հիմնականում համընկնում են։

Միջխորհրդարանական կապերն ավանդաբար ակտիվ են եղել եւ մեծ տեղ են զբաղեցրել մեր հարաբերություններում: Զրույցի ընթացքում կարեւորեցինք երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը:

Մենք համակարծիք ենք, որ տնտեսական ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ եւ պատրաստակամ ենք ձեռնարկելու գործնական քայլեր՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման եւ վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը։
Կցանկանայի ընդգծել նաեւ, որ մեր երկրների միջեւ գործում է մուտքի՝ առանց վիզաների ռեժիմ, որը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման եւ զբոսաշրջային այցերի քանակի մեծացման համար»,- ասված է Գրիգորյանի հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի