Ներքին 5 տարի առաջ - 11:31 09-08-2021

Հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի իրականացնել հայկական քաղաքակրթության պահպանման սրբազան առաքելությունը. ՀԲԸՄ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հաղորդագրություն է տարածել՝ շնորհավորելով Հյաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ նոր կառավարության ձևավորման կապակցությամբ։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Սա ինքնին դրական ձեռքբերում է՝ հաշվի առնելով երկրի ներքաղաքական անկայունությունը և տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերները։

Հայկական սփյուռքը Հայաստանի ապագայով մտահոգ բարեկամ ժողովուրդների հետ միասին ողջունում է ընտրությունների միջոցով երկրում բնականոն կյանքի աստիճանական վերադարձը։ Սա կարևոր նախապայման է հյուծիչ պատերազմից և ներքաղաքական լարվածությունից հետո վերականգնվելու և հարյուրավոր հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու աշխատանքները շարունակելու համար։

Թեև Հայաստանի ժողովուրդն իր քվեարկությամբ կողմ է արտահայտվել կայունությանը և խաղաղությանը, Հայաստանի նոր կառավարությունը ստիպված է լինելու առերեսվել հետպատերազմյան դժվարությունների ու ազգային անվտանգության սպառնալիքների հետ՝ պայմանավորված Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակով:

Մենք հուսով ենք, որ այս պայմաններում ձայների մեծամասնությունը ստացած վարչապետն ու իր կառավարությունը վճռական կգտնվեն երկրի զարգացման ճանապարհին տեղական և միջազգային լավագույն մասնագետներին ընդգրկելու գործում։ Իրապես, այսօր Հայաստանի և Արցախի ինքնիշխանությունն ու անվտանգությունը մեծապես կախված են առաջիկա ամիսներին և տարիներին կայացրած կարճաժամկետ որոշումներից և երկարաժամկետ հանձնառությունից։

Այս առումով, Սփյուռքի համայնքների, քաղաքացիական հասարակության, եկեղեցու ու այլ կառույցների մասնակցությունը և համախմբումն ամուր հիմք կլինեն գալիք դրական փոփոխությունների համար։

Այս նպատակին հասնելու համար մենք ակնկալում ենք, որ Հայրենիք-Սփյուռք համագործակցության, համատեղ աշխատանքի և երկխոսության համար կստեղծվեն ավելի հստակ և անմիջական մեխանիզմներ՝ հնարավորություն տալով օտար երկրներում ապրող Հայաստանի քաղաքացիներին նշանակվել պետական բարձր պաշտոններում (ինչը ենթակա է խորհրդարանի հաստատմանը)։ Օրինակ՝ Հայաստանում մեկ տարվա մշտական բնակությունը կարող է նվազագույն անհրաժեշտ շեմ լինել պետական պաշտոններում նրանց նշանակման համար։

Ցավալիորեն, այսօր Հայաստանը բախվել է մոտալուտ ժողովրդագրական աղետի։ 44-օրյա պատերազմը և արտագաղթի ահագնացող տեմպերը ևս մեկ հարված էին մեր Հայրենիքի ժողովրդագրական վատթար վիճակին, ինչի հաղթահարման համար անհրաժեշտ են համապարփակ քայլեր՝ ապահովելու Հայաստանի ժողովրդագրական կենսունակությունը։ Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանը պետք է հավատարիմ մնա ժողովրդավարական չափանիշներին և մարդու իրավունքների պաշտպանությանը, ապահովի դատական համակարգի անաչառությունը, պաշտպանի սեփականության իրավունքն ու իրականացնի թափանցիկ ու ազատ տնտեսական քաղաքականություն։

Միևնույն ժամանակ, հարկավոր է ներդնել ավելի արդյունավետ կարգավորումներ տնտեսության մեջ՝ հակազդելու ազգային անվտանգության այն սպառնալիքներին, որոնք սերում են ներկայիս տնտեսական վարչարարությունից։ Առաջին քայլերից կարող է լինել քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի սեփականության իրավունքի սահմանափակումները։

Մենք նաև հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի իրականացնել հայկական քաղաքակրթության պահպանման սրբազան առաքելությունը՝ զուգահեռ պաշտպանելով ու զարգացնելով հայկական ինքնության հիմնասյուները՝ լեզուն, մշակույթը, կրթությունը և եկեղեցին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում