Արտաքին 5 տարի առաջ - 13:49 23-07-2021

ԱՀ ԱԳՆ-ն հետևողական արտաքին քաղաքականություն է վարում՝ ուղղված Արցախի ռազմավարական շահերի պաշտպանությանը և խթանմանը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն գերատեսչության ստեղծման 28-ամյակի առթիվ հայտարարություն է տարածել:

«28 տարի առաջ՝ 1993 թվականի հուլիսի 23-ին, ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Արտաքին գործերի նախարարությունը: Արտաքին քաղաքական գերատեսչության կազմավորումը տեղի է ունեցել դժվար ժամանակաշրջանում, երբ Արցախի ժողովուրդը ստիպված էր հետ մղել Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիան, որի նպատակը երիտասարդ պետության ոչնչացումն էր։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր ինստիտուցիոնալացնել ռազմական գործողությունների դադարեցմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային ջանքերը, ինչպես նաև արտաքին քաղաքական գործունեությունը՝ միտված ազգային շահերի պաշտպանությանը: Արցախի ԱԳՆ-ն նշանակալի ներդրում է ունեցել 1994 թվականի մայիսի 12-ին եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի կնքման գործում, որի շնորհիվ դադարեցվեցին ռազմական գործողությունները և պայմաններ ստեղծվեցին երկրի խաղաղ զարգացման համար:

ԱԳՆ կազմավորումը կարևոր նշանակություն ունեցավ նաև Արցախում պետականաշինության տեսանկյունից. անկախ արտաքին քաղաքականություն վարելու ունակությունը կայացած պետության հատկանիշներից մեկն է: Ստեղծման օրվանից Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հետևողական արտաքին քաղաքականություն է վարում` ուղղված Արցախի ռազմավարական շահերի պաշտպանությանը և խթանմանը, մասնավորապես` նրա անկախության միջազգային ճանաչմանը, միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ հանրապետության իշխանությունների դիրքորոշման պարզաբանմանը, Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և արտերկրում դրական վարկանիշի ամրապնդմանը, հակազդմանը՝ Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության տարածմանն ու շահարկումներին։

2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրեց անվտանգային հին սպառնալիքների սրմանը և նորերի առաջացմանը: Այս մարտահրավերների առկայության պայմաններում պրոակտիվ դիվանագիտությունը առանձնահատուկ նշանակություն է ստանում: Նախաձեռնող, իրատեսական և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության արդյունավետ ապահովման, նրա պետական ինքնիշխանության պահպանման և ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման, երկրի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության բարձրացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության՝ Արցախի ժողովրդի շահերից բխող համապարփակ կարգավորման գրավականն է»,- ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում