Խոսք 5 տարի առաջ - 14:59 17-07-2021

Ադրբեջանի հեռագնա նպատակն իրենց երազած տարածաշրջանն է, որը ենթադրում է Հայաստան՝ առանց Սյունիքի. Վարդան Ոսկանյան

Բաքվի անկախ հետազոտական-վերլուծական կենտրոններից մեկը վերջերս հրապարակել էր մի քարտեզ, որտեղ Հայաստանը պատկերված է առանց Սյունիքի մարզի, իսկ մոխրագույն գծանշմամբ հատվածները Բաքվի կողմից արդեն իսկ առաջ մղվող, այսպես կոչված, «Ադրբեջանի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին» է Հայաստանի ներսում։

Թեմայի շուրջ Օրագիր.news-ը զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

-Պարո՛ն Ոսկանյան, տեղեկություն ունե՞ք՝ ով է քարտեզի հեղինակը, և ի՞նչ նպատակներով է այն հրապարակվել:

-Քարտեզը մշակվել է Բաքվի պաշտոնական քարոզչամեքենայի շղարշի ներքո գործող հետազոտական-վերլուծական կենտրոններից մեկում, որը ղեկավարում է տխրահռչակ Էլդար Նամազովը: Անձ, որը Հեյդար Ալիևի իշխանության ժամանակ Ադրբեջանում բարձր պաշտոններ է զբաղեցրել: Թերևս այժմ որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, սակայն Բաքվի բռնապետական քարոզչամեքենայի հիմնական խոսափողներից մեկն է, ուստի այդ քարտեզին պետք է լրջորեն մոտենալ: Ակնհայտորեն գործ ունենք քարոզչական արտադրանքի հետ, որը միտված է տրամադրություններ շոշափելուն և հող նախապատրաստելուն օրեցօր լկտիացող Բաքվի բռնապետի համար Հայաստանի տարածքի ներսում իբր «անվտանգության գոտի» ստեղծելու ուղղությամբ: Սա հրապարակվել է ադրբեջանական քարոզչական կայքերից մեկում: Հատուկ չեն նշում, որպեսզի ավելորդ անգամ չգովազդվի այդ կայքը: Դրանք հատուկ աշխատում են ռուսալեզու տիրույթում, ինչը նշանակում է, որ միտված է նաև Հայաստանի լսարանի, ինչպես նաև ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ երկրների համար: Արցախյան հակամարտության համատեքստում առավել ակտիվ խաղացողը և գերակշիռ դիրք ունեցողը ՌԴ-ն է, ուստի քարտեզի հրապարակումը մի կողմից Հայաստանի ներսում և Հայաստանի իշխանությունների շրջանում տրամադրություններ շոշափելն է, մյուս կողմից էլ, հաշվի առնելով դրա ռուսալեզու բնույթը, Ռուսաստանի դեմ սադրիչ քայլերի իրականացումն է:

-Ի՞նչ արձագանքներ են եղել հայկական կամ ռուսական կողմից:

-Ըստ էության ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է բավականին հետաքրքիր ձևով: Այսինքն` պաշտոնական Բաքուն միջազգային քննադատություններից խուսափելու համար պաշտոնական հայտարարություններ չի անում՝ դա թողնելով ոչ պաշտոնական կամ, այսպես կոչված, անկախ փորձագիտական կառույցներին: Ուստի՝ դրա անդրադարձը պետք է լինի Հայաստանի ներսից՝ հասարակական կառույցների մակարդակով: Պարզ է, որ Ադրբեջանի հեռագնա նպատակն իրենց երազած տարածաշրջանն է, որը ենթադրում է Հայաստան՝ առանց Սյունիքի, Հայաստան, որը կլինի այնքան թուլացած, որ հնարավորություն չի ունենա վերականգնելու իր ուժերը՝ պայքարելու իր արդար դատի համար: Դա արդեն իսկ վերաբերում է ոչ միայն Արցախին, այլև, ցավոք սրտի, Հայաստանի հանրապետության տարածքային անվտանգությանը: Եվ այդ համատեքստում այժմ, օգտվելով առիթից, փորձ է կատարվում Հայաստանից կորզել հնարավորիս շատ զիջումներ: Ըստ էության՝ փորձ է արվում Հայաստանը, պատկերավոր ասած, դարձնել անդամալույծ պետություն, որը հնարավորություն չի ունենա որևէ պարագայում վերականգնելու սեփական անվտանգության համակարգը, բանակը և այլ կառուցակարգեր, ինչը թույլ կտա հետագայում շարժվելու դեպի մեր երազած Հայաստանի ուղղությամբ՝ չհայտնվելով ադրբեջանաթուրքական դաշինքի տիրույթում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը