Ներքին 5 տարի առաջ - 14:25 09-07-2021

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և պարոն Վարհեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը դիտարկվում է որպես ԵՄ-ի շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: «Հայաստանը նույնպիսի հետաքրքրվածությամբ է տոգորված զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամից հետո մեր երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին: «Ըստ էության, մեր երկրում առաջին անգամ է, որ ժողովրդավարական պրոցեսները դարձան ճգնաժամի հաղթահարման միջոց, քանի որ սովորաբար Հայաստանում ընտրությունները հարուցել են ճգնաժամեր: Այսպիսով, մեր երկրում մի շատ կարևոր ինստիտուտ է կայացել` դա ընտրությունների ինստիտուտն է, ինչը նաև Եվրամիության աջակցությամբ է տեղի ունեցել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից շարունակվում է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին աջակցության պատրաստակամությունը վառ կերպով արտահայտվել. ծրագրերը միտված են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղաքացու` որպես ինստիտուտի կայացմանը: «Բարձր ենք գնահատում Եվրամիության կողմից Հայաստանի առաջընթացին ուղղված ծրագրերի շոշափելի փաթեթը, ինչը գնահատում ենք որպես Հայաստանում տեղի ունեցող անշրջելի ժողովրդավարական պրոցեսներին արձագանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Օլիվեր Վարհեին հույս է հայտնել, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամն ավարտվում է և կարող են կողմերը սկսել հետճգանաժամային ապագային միտված ծրագրերի իրականացումը: «Մենք ցանկանում ենք մասնակից լինել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տնտեսության վերականգնմանը: Առանց ջանք խնայելու պատրաստ ենք Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ աննախադեպ կերպով նպաստել Ձեր երկրի տնտեսական և սոցիալական վերականգնմանը»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը՝ ընդգծելով, որ հայկական կողմի հետ առաջիկայում աշխատելու են տնտեսական և ներդրումային ծավալուն ծրագրերի ուղղությամբ՝ ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների շրջանակում: Պարոն Վարհեին նշել է, որ Հայաստանի համար նախատեսված ընդհանուր 2,6 մլրդ դոլարից 1,6 միլիարդի փաթեթն ուղղվելու է 5 ծրագրային ուղղությունների՝ ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն: «Մենք կարող ենք այս խոշոր ներդրումներով մեծ բան փոխել: Սրանք ազդեցիկ ու մասշտաբային ծրագրեր են, որոնք կարող ենք համատեղ դարձնել իրականությունը»,- ասել է Օլվեր Վարհեին:

Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, փոխկապակցվածությանը հասնելուն, տնտեսական ինտեգրմանը: Պարոն Վարհեին հավելել է, որ ԵՄ-ն նոր ծրագրերով նպաստելու է նաև 44-օրյա պատերազմի տուժած շրջանների վերականգնմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, այդ թվում՝ նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրին հատկացվող խոշոր ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը և հավելել, որ Արևելյան գործընկերության ծրագրի առաջիկա գագաթնաժողովը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացի, GSP+ համակարգի հետագա գործակցությունն ապահովելու առումով:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կարևորել հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը և բարձր գնահատել նախընտրական շրջանում 15 գերիների վերադարձի գործում Եվրամիության, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հումանիտար բնույթի քայլերի իրականացմանը և կարևորել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ջանքերը:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող խոշոր փաթեթը ՀՀ կառավարությունը համարում է ոչ այնքան որպես խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, այլ եվրոպական արժեքների ներդնում մեր երկրում:

Կարծիքներ

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ